Հովիկ Աղազարյանը հայտնել է՝ ինչ են քննարկել Փաշինյանի հետ հանդիպմանը

Սա հերթական հանդիպումն էր՝ մենք ամիսը մեկ անգամ հանդիպում ենք վարչապետի հետ, քննարկում ենք այդ ժամակահատվածում տեղի ունեցած անցքերը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով այսօր խորհրդարանում իշխող խմբակցության՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած փակ հանդիպմանը։

«Այս հանդիպումը Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանն էր նվիրված, վարչապետը բավական մանրամասներ ներկայացրեց, որոնց մասին պաշտոնապես տեղյակ չէինք։ Գործընթացներն այնպիսին են, որ չես կարող միանշանակ ասել՝ ինչ տեղի կունենա հաջորդ պահին, կողմերը քննարկումների արդյունքում կարող են իրենց դիրքորոշումները փոխել, եւ այլն։ Առաջընթացն այն է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկաթգծի շահագործման վերաբերյալ, հետագայում՝ նաեւ այլ ճանապարհով ապաշրջափակման խնդիրները լուծելու համար։ Դրանք դեռ վերջնական չեն՝ որեւէ պայմանավորվածություն չկա, որ ստորագրման ենթակա փաստաթուղթ լինի, բայց, այդուհանդերձ, հուսադրող չեն, ժամկետներ էլ ֆիքսված չեն»,- հայտնեց պատգամավորը։

Հայ-թուրքական սպասվող բանակցությունների հարցը, ըստ պատգամավորի, առանձնապես չիքննարկել՝ հպանցիկ է անդրադարձ եղել։

«Այդտեղ եսիմ ինչ արտառոց բան չկա, չգիտես էլ՝ էդ քննարկումներն ուր կտանեն, դրանք բանակցություններ էլ չեն, բայց բոլոր դեպքերում մենք՝ որպես երկիր, որը որդեգրել է տարածաշրջանում կայուն խաղաղություն ամրապնդելու գործընթաց, պետք է գնանք նմանատիպ շփումների՝ չմոռանալով շատ-շատ բաներ։ Հստակ ակնկալիքներ չկան, շատ շուտ է այդ մասին խոսել։ Քիչ չեն դեպքերը, երբ հակամարտող կողմերը բանակցել են լրիվ այլ հարցերի շուրջ, բայց հետո լրիվ այլ բաներ են տեղի ունեցել, պետք է մի կողմից գնանք նման գործընթացների, մյուս կողմից՝ չմոռանանք մեր ապահովական խնդիրները»,- ասաց Աղազարյանը։