«Pegasus» ավիաընկերությունը Ստամբուլ-Երևան չվերթերը կսկսի առաջիկա օրերին. թուրք նախարար

Թուրքական «Pegasus» ավիաընկերությունը պատրաստվում է Ստամբուլ-Երևան երթուղով չվերթեր սկսել։ NTV-ի եթերում հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Ադիլ Քարաիսմաիլօղլուն, փոխանցում է armeniasputnik.am-ը:

Նրա խոսքով` թռիչքները կսկսվեն առաջիկա օրերին։ Բացի այդ, նա ասել է, որ նույն երթուղով թռիչքներ իրականացնելու ցանկություն ունի ևս մեկ ընկերություն՝ արդեն հայկական:

Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին հայտարարեց, որ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակվեն։ Հաջորդ օրը Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատեց այդ տեղեկությունը։

Հայտնի է, որ թուրքական կողմի ներկայացուցիչը կլինի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, հայկական կողմինը` ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։