Ադրբեջանում հաստատված շուրջ 50 գերի կա, ոչ պաշտոնական տվյալներով՝ ևս 80 անձ. Սիրանուշ Սահակյան

Գերիների վերադարձի գործընթացը շարունակական է լինելու, քանի դեռ Ադրբեջանը պահում է նաև հաստատված գերիների։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

«Վերադարձը հիմնականում կազմակերպվում է քաղաքական գործընթացների շրջանակում․ կա՛մ ՌԴ-ը, կա՛մ ԱՄՆ-ը, կա՛մ Եվրոպական միությունը իրենց քաղաքական ազդեցությունը օգտագործելով՝ կազմակերպում են վերադարձը։ Տեսնում եք, որ այն մասնակի է, ամբողջ ծավալով չի ապահովվում»,-ասաց նա։

Իրավապաշտպանն ասաց, որ այս պահին հաստատված գերիների թիվը շուրջ 50 է։

«Ինչ վերաբերում է ոչ պաշտոնականին, ապա հավելյալ 80 անձի մասին ենք խոսում»,-ասաց նա։

Սիրանուշ Սահակյանը ՀՀ իշխանությունների կողմից գերիներին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հրապարակային խոսելը անթույլատրելի համարեց։

«Իրավական և բարոյական առումով չեմ կարծում՝ նրանց կալանավորելու հիմքեր գոյություն ունեն։ Նրանց առողջական վիճակը և այլ հանգամանքներ իսկապես չեն արդարացնում անազատությունը։ Ես չեմ տեսնում ռիսկեր նրանց փախուստի դիմելու կամ քննությունից թաքնվելու, խոչընդոտելու առումով։ Եթե փախուստի դիմելու մտադրություն ունենային, իրենց կամարտահայտության հիման վրա կտեղափոխվեին 3-րդ երկրներ։ Նրանք վերադառնում են խոցելի վիճակում, ընտանիքները ևս գտնվում են ծանր բարոյական և նյութական վիճակում»,-ասաց նա։