Թուրքիայում ընդդիմությունը քննադատում է իշխանությանը․ լիրան 1 դոլարի նկատմամբ հասել է 15․26-ի

Նոյեմբերի 16-ին թուրքական ազգային արժույթը՝ լիրան, արժեզրկման պատմական ռեկորդ է գրանցել՝ 1 ամերիկյան դոլարի նկատմամբ հասնելով 15․26-ի։

Լիրան արժեզրկվել է նաև եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Արտարժույթի շուկայում գործարքներն կատարվում են 1 եվրո/17,27 լիրա, 1 ֆունտ ստերլինգ/20․5 լիրա փոխարժեքով։ 1 գրամ ոսկին գնահատվում է 872 լիրա։ Գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) խոսնակ Ֆայիք Օզթրաքը Twitter-ի իր միկրոբլոգում քննադատական գրառում է արել՝ ֆինանսատնտեսական նման վատթար վիճակի մեջ մեղադրելով թուրքական իշխանություններին։

«1 դոլարը 15 լիրա է։ Եթե դեռևս կարողանում ենք առանց ձանձրանալու պարծենալ ձեր ստեղծագործությամբ, խնդրեմ, պարծեցե՛ք»,- գրել է Օզթրաքը՝ շեշտելով, որ իշխանությունները քաղաքացիներին դարձրել են «օտար՝ սեփական երկրում, ստորացված՝ սեփական հայրենիքում»։