3+3-ը, որ հիմա դարձել է 3+2 , այլևս չի բխում Ռուսաստանի շահերից․ Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«3+3-ը, որ հիմա դարձել է 3+2 , այլևս չի բխում Ռուսաստանի շահերից։ Եթե այստեղ լիներ Վրաստանը, ապա դա միանշանակ բխում էր Ռուսաստանի շահերից։ Հիմա պարզապես Ռուսաստանն առանց դիմակայելու նայելու է այս պլատֆորմի անհաջողության զարգացումներին։

Այստեղ շահագրգիռ կողմը Թուրքիան և Ադրբեջանն են, նրանց միակ նպատակն այն է, որ տարածաշրջանի պետությունների շահերի համընկնումով իրենց շահերն առաջ տանեն։ Իսկ իրենց շահը Արցախի հարցը հենց այս պլատֆորմ բերելն է։ Անշուշտ կլինի ձախողում, և Թուրքիան այլևս մեկընդմիշտ կփակի այս ձևաչափով առաջարկությունը, քանի դեռ Ռուսաստանի համար հետաքրքրություն ներկայացնող Վրաստանին չի համոզել բերել դաշտ։

Իսկ ինչու՞ է Ռուսաստանը ուզում Վրաստանին բերել դաշտ։ Այս կերպ Ռուսաստանը ուզում է Վրաստանի հետ ուղիղ քննարկումների գնալ Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցերի շուրջ, այն Վրաստանի, ով Ռուսաստանին անվանում է օկուպանտ։ Մի խոսքով, մեր մասնակցությունը այս ձևաչափին և՛ պետք էր, և՛ պետք չէր։ Պետք էր, որ հետո չմեղադրեն մեզ ապակառուցողական լինելու մեջ, պետք չէր, որովհետև փորձելու են հերթական անգամ Արցախի հարցը դուրս բերել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից և տանել թուրքական տանդեմով ստեղծված ինչ-որ տեղ․․․»։