Պատգամավորները մեկնում են «Վարդաշեն» ՔԿՀ՝ դիմավորելու համար Արմեն Չարչյանին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, հեռացավ խորհրդակցական սենյակ Արմեն Չարչյանի գործով միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Մինչ այդ Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ներկայացրեց իր միջնորդությունը. «ՍԴ որոշման ուժով ակնհայտ է, որ պարոն Չարչյանը հանդիսանալով ԱԺ պատգամավոր չի կարող շարունակապես գտնվել անազատության մեջ մինչև ԱԺ համապատասխան համաձայնություն ստանալու: Ուստի խնդրում ձեզ, հարգելի դատարան անհապաղ հեռանալ խորհրդակցական սենյակ և կայացնել որոշում պարոն Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու մասին»:

Դատախազը, որը չէր ներկայացել, գրավոր դիրքորոշում էր հայտնել, նշելով, որ պետք է վերացնել կալանքը:

Դատարանի շենքի մոտ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը նշեց, որ հիմա պատգամավորներով գնում են «Վարդաշեն» ՔԿՀ՝ դիմավորելու համար Արմեն Չարչյանին:

Նշենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ պատգամավոր ընտրված անձինք չեն կարող լինել անազատության մեջ: