ԵՊՀ-ում բացվել է Ամերիկյան հետազոտությունների կենտրոն

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այսօր Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանի հետ մասնակցեց Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի բացմանը և Երևանի պետական համալսարանում «Ամերիկագիտություն» առաջին մագիստրոսական կրթական ծրագրի պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառմանը, տեղեկացնում է ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը։

2019 թ․, դրամաշնորհ ստանալով ԱՄՆ դեսպանության հանրային դիվանագիտության գրասենյակից, ԵՊՀ-ը ձեռնամուխ եղավ Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի և «Ամերիկագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի ձևավորման աշխատանքներին։ Այս ծրագրի իրականացման աշխատանքներում ԵՊՀ-ի գործընկերն էր Արիզոնայի համալսարանը։ Ամերիկյան հետազոտությունների կենտրոնը կծառայի որպես ԱՄՆ հասարակաքաղաքական իրողությունների շուրջ հետազոտությունների ու վերլուծությունների կարևոր կառույց։ Իսկ մագիստրոսական կրթական ծրագրով արդեն կատարվել է առաջին՝ 2021-22 ուստարվա ընդունելությունը։

«Այս մագիստրոսական կրթական ծրագիրը հայ ուսանողներին հնարավորություն է տալիս այստեղ՝ Հայաստանում, ուսումնասիրել Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը, դիվանագիտությունը, տնտեսությունը, հասարակությունը, և արդյունքում նրանք ձեռք են բերում այնպիսի հմտություններ, որոնց շնորհիվ կարողանում են առավել լավ պատկերացնել ու հայ հասարակությանը պարզաբանել ամերիկյան հասարակաքաղաքական իրողությունները», – ասաց դեսպան Թրեյսին