ՔՊ-ը մերժեց վիրավորանքը ապաքրեականացնող օրենքի նախագիծը

Դեկտեմբերի 9-ին Հայաստանի Ազգային ժողովում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հավանություն չտվեցին ծանր վիրավորանքները քրեականացնելու մասին օրենքում փոփոխություններին։

Խոսքը, մասնավորապես, Քրեական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխությունների մասին օրինագծերի փաթեթի մասին է։

«Կողմ» է քվեարկել 28, «դեմ»՝ 57 պատգամավոր։ Ծանր վիրավորանքն ապաքրեականացնելուն «կողմ» են քվեարկել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։  Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ-ն օրենք էր ընդունել անպարկեշտ բառերի քրեականացման մասին։ Քրեական օրենսգրքում ավելացվել էր 137.1 հոդվածը՝ «Ծանր վիրավորանք»։ Ծանր վիրավորանք հասցնելը, մասնավորապես՝ ոչ ցենզուրային խոսքը կամ այլ կերպ արժանապատվության անարգումը, օրենքի համաձայն, կպատժվի 100-500 հազար դրամ տուգանքով։ Եթե ​​վիրավորանքը եղել է հրապարակային կամ արտահայտվել է համացանցում կամ կոնկրետ անձի հասարակական գործունեությամբ պայմանավորված, ապա տուգանքը կկազմի 500 հազարից մինչև 1 միլիոն դրամ։ Կոնկրետ անձին պարբերաբար վիրավորելու դեպքում որպես պատիժ սահմանվում է տուգանք՝ 1-3 մլն դրամի չափով կամ կալանք՝ 1-3 ամիս ժամկետով։

ԱԺ-ն այսօր քվեարկությամբ ընդունեց հետևյալ օրենքները.

  • «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին (առաջին ընթերցմամբ),
  • Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին (առաջին ընթերցմամբ),
  • «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին(առաջին ընթերցմամբ),
  • «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին (առաջին ընթերցմամբ) օրենքների նախագծերը:

Վերջին երեք նախագծերի համար ընդունեց նաև արագացված ռեժիմով քննարկելու որոշումներ: