Իսրայելը կանի ամեն ինչ, որ թույլ չտա Իրանին միջուկային զենք ձեռք բերել. Գանց

Իսրայելը պետք է «ամեն ինչ անի», որպեսզի թույլ չտա Իրանին միջուկային զենք ձեռք բերել։ Այս մասին  Ynet News-ին ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը:

«Մենք պետք է պատրաստ լինենք մեր պետությանը պաշտպանելու յուրաքանչյուր հնարավորության։ Մենք հնարավորություններ ենք զարգացնում, և պետք է շարունակենք ամրապնդել դրանք»,-ասել է Գանցը:

Գանցը հստակեցրել է, որ Իսրայելը կպահպանի իր ինքնապաշտպանության իրավունքը՝ միևնույն ժամանակ աջակցելով միջազգային ջանքերին համաձայնության հասնելու համար:

Թեև նախարարը հրաժարվել է ասել, թե որն է լինելու Իսրայելի կարմիր գիծը, սակայն չի բացառել ռազմական տարբերակը։

«Կգա մի պահ, երբ տարածաշրջանը և Իսրայել պետությունն այլ ելք չեն ունենա, քան գործելը»,- հայտարարել է Գանցը:

Նշենք, որ նման հայտարարություն Գանցն արել է ԱՄՆ կատարվելիք այցի նախօրեին: Կայքի հաղորդմամբ՝ պաշտպանության նախարարը պատրաստվում է մոտ օրերս մեկնել Վաշինգտոն, որտեղ հանդիպելու է ԱՄՆ պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ և քննարկելու է Իրանի միջուկային ծրագրի հարցը: