Պատերազմում անմահացած ավագ լեյտենանտ Արման Զքոյանի մեդալը հանձնվել է հարազատներին (տեսանյութ)

44-օրյա պատերազմում անմահացած  հերոս, N զորամասի վաշտի հրամանատարի տեղակալ, ավագ լեյտենանտ Արման Մխիթարի Զքոյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով: Մեդալի հանձման արարողությունը տեղի է ունեցել Արման Զքոյանի տան հարևանությամբ՝ իր հիշատակին տեղադրված  խաչքարի մոտ: Այս մասին տեղեկանում ենք Արթիկի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից։

Քահանա Տեր Սողոմոն Մինասյանը  բոլոր արթիկցիների  անունից երախտագիտության և գնահատանքի խոսքեր է հնչեցրել  Արմանի և բոլոր անմահացած հերոսների սխրանքների առջև: Ապա ներկաները միասնական  տերունական աղոթք են բարձրացրել առ Աստված:

Պարգևը հանձնվել է հերոսի հորը՝ Մխիթար Զքոյանին: Երախտագիտության, ակնածանքի ելույթներով հանդես են եկել Արթիկի թիվ 8 հիմնական դպրոցի սաները: Նրանց համար դպրոցի բակում տեղադրված հուշախաչքարը ամենամեծ հայրենասիրական դաս է, հոկտեմբերի 5-ին Ջրականի  արծիվներին միացած և անմահացած Արմանի փառավոր ուղին՝ սխրանքի և անմնացորդ նվիրման վեհ օրինակ: