Նիդերլանդների խորհրդարանը երկու բանաձև է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության և հայ գերիների վերաբերյալ․ «Հենակետ»

Համառոտ տեղեկություններ նախորդ շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին․ «Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել է նախորդ շաբաթը։

Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Շաբաթվա ընթացքում Նախիջևանում առանձին համազորային բանակի հատուկջոկատայինները հատուկ տեխնիկատակտիկական զորավարժություններ են անցկացրել, որոնց հետևել են հատուկջոկատայինների հրամանատար Քերեմ Մուստաֆաևը և Թուրքիայի ԶՈւ ներկայացուցիչները։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է թուրքական ASELSAN պաշտպանական ընկերության նախագահ Հալուք Գերգյունի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը կողմերը քննարկել են ժամանակակից ռազմական գործողություննեերի նոր մեթոդները, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրագործվող համատեղ ծրագրերը՝ ուղղված ադրբեջանական բանակի տեխնիկական հագեցվածության հետագա ամրապնդմանը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ համաձայն «Զինծառայողների կարգավիճակի մասին» նոր օրինագծի՝ Ադրբեջանում զինծառայողներին կարգելվի օգտվել սոցցանցերից։ Ըստ երևույթին, արգելքը պայմանավորված է նրանով, որ ադրբեջանցի զինծառայողները սոցցանցերում հրապարակել են հսկայական քանակությամբ նյութեր, որոնք հիմք են դարձել Արցախի և Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի ընթացքում կատարված հանցագործությունների փաստերի վերաբերյալ քրեական գործերի համար։

«Ազերիշըգ» ընկերությունը հայտնել է, որ Քարվաճառի զորամասերն ապահովվել են էլեկտրական հոսանքով: Համացանցում տեսանյութեր են հրապարակվել, որտեղ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից կռված սիրիացի վարձկանները դժգոհում են, որ իրենց «աշխատավարձ» չեն տվել։

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին

Շաբաթվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը նվազել է։ ՀՀ ՊՆ-ից տեղեկացրել են, որ նոյեմբերի 22-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի արդյունքում հայ զինծառայող է զոհվել։ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է հայ զինծառայողի սպանվելու մասին տեղեկությունը։

Սոչիում Պուտինի և Փաշինյանի հետ եռակողմ բանակցությունների ժամանակ Իլհամ Ալիևն ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է սկսել Հայաստանի հետ սահմանի սահմանազատումը։ Պուտինը հայտարարել է, թե մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանազատման մեխանիզմներ կստեղծվեն։

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների առաջնորդների 15-րդ գագաթնաժողովի ժամանակ ելույթ ունենալիս Ալիևը նշել է, թե Ղարաբաղի տարածքները վերականգնելու ուղղությամբ 2021 թ-ին Ադրբեջանի պետբյուջեից հատկացվել է 1,3 միլիարդ դոլար, 2022 թ-ին կհատկացվեն առնվազն նույնքան միջոցներ։ Նա հավելել է, որ Ղարաբաղն ու «Արեւելյան Զանգեզուրը» հայտարարվել են «կանաչ էներգիայի» գոտիներ. այդ տարածքներում արևային էներգիայի պոտենցիալը գնահատվում է 7200 մեգավատ, քամու էներգիան՝ 2000 մեգավատ:

Ալիևն ընդունել է Կորեայի նախագահին առընթեր հյուսիսային տնտեսական համագործակցության հանձնաժողովի նախագահ Չժոն Սու Պակին։ Ադրբեջանի նախագահը հարավկորեական ընկերություններին հրավիրել է աշխատել Արցախից գրավված տարածքներում՝ նշելով, որ այդ նպատակով կանցկացվի շնորհանդես։

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն Իրան կատարած այցի ընթացքում հանդիպել է այս երկրի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ, ով հայտարարել է, որ իրանական ընկերությունները պատրաստ են մասնակցել Ադրբեջանի կողմից Արցախից գրավված հողերի վերականգնմանը։

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը Լի Լիցենբերգերն Բաքվում կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ է հրաժարվել այլ երկրների դեսպանների հետ այցելել Շուշի, նշել է, թե այցելել է Կովսական, դեսպանատան աշխատակիցները եղել են Վարանդայում և Ակնայում, ինքն էլ պատրաստվում է առաջիկայում այցելել Ակնա։

Շաբաթվա ընթացքում Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսսի գլխավորած պատվիրակությունը այցելել է Ակնա (Աղդամ)։ Ֆրանսիայի դեսպանը թվիթերյան գրառմամբ նշել է, որ «միջազգային համագործակցությունն առանցքային է լինելու վերականգնման համար»։

Ադրբեջանի սննդամթերքի անվտանգության գործակալության նախագահ Գոշգար Թահմազլըն ասել է, թե Արցախից գրավված տարածքներում բույսերի ու կենդանիների հիվանդություններից ազատ գոտիների ստեղծման հարցը գտնվում է օրակարգում, որի արդյունքում հնարավոր կլինի արտերկիր արտահանել ինչպես բուսաբուծական, այնպես էլ անասնաբուծական արտադրանք։

Ավստրիայի տնտեսական պալատի Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հարցերով բյուրոյի ղեկավար Գեորգ Կարաբազչեկը հայտարարել է, թե հաջորդ տարվա ապրիլ-մայիսին ավստրիացի գործարարների պատվիրակությունը կայցելի Ադրբեջանի կողմից Արցախից գրավված տարածքներ։ Կարաբազչեկի խոսքով՝ ավստրիական ընկերությունները շահագրգռված են մասնակցել Ղարաբաղում իրագործվող նախագծերին։

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը հայտարարել է, թե որ անհրաժեշտ է վերականգնել Ղարաբաղում ավերված հուշարձանները։ Ադրբեջանական լրատվամիջոցները նշել են, որ Աղդամի Ջումա մզկիթը վերականգնվում է Հեյդար Ալիևի հիմնադրամի աջակցությամբ:

Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ակնա (Ազդամ)։ Դիքը նաև հույս է հայտնել, որ «Ակնան կրկին բարգավաճելու է, իսկ իսրայելական ընկերությունները դառնալու են գործընկեր այդ ջանքերում»։

«Ազերսու» ընկերությունից հայտնել են, որ Քարվաճառում ապահովված է ռազմական և քաղաքացիական նշանակության օբյեկտների ջրամատակարարումը, Ղարաբաղում ջրամատակարարման համակարգերի վերականգնման և վերակառուցման աշխատանքները շարունակվում են։

Ադրբեջանական և հայկական լրատվամիջոցների ուշադրությանն է արժանացել այն հանգամանքը, որ «SOCAR Petroleum» ընկերությունը Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ճանապարհին Ադրբեջանի կողմից տեղադրված մաքսակետի մոտ նաև բենզալցակայան է կառուցել։

Ադրբեջանի Էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչ Ռագուբ Միրզոևը հայտարարել է, թե շուտով Ղարաբաղում 10 գետերի վրա կսկսվեն 11 հիդրոլոգիական կետերի տեղադրման աշխատանքները։

Ադրբեջանի ավտոճանապարհների պետական գործակալությունը տեղեկատվություն է տարածել Ղարաբաղում իրականացվող ճանապարհային ենթակառուցվածքների ստեղծման նախագծերի մասին՝ տեղեկացնելով, որ Հաղթանակի ճանապարհի 101,5 կիլոմետր երկարությամբ շինարարությունն ամբողջությամբ ավարտվել է։ 

Տարածաշրջանային նախագծերի մասին

Թուրքիայում Իրանի դեսպան Մուհամեդ Ֆերազմենդը նշել է, թե Իրանի նախագահը աջակցում է դեռեւս 2020 թ–ին Էրդողանի կողմից առաջարկված տարածաշրջանի 6 երկրների մասնակցությամբ 3+3 ձեւաչափով համագործակցության պլատֆորմի ստեղծմանը։

«Ադրբեջանական երկաթուղիներ»-ի առաջին փոխնախագահ Ալիրզա Սուլեյմանովը նշել է, որ իրենց ընկերության և գերմանական «Hamburger Hafen Logistic»-ի դուստր ձեռնարկության՝ «Metrans»-ի միջև համագործակցությունը կարող է իրականացվել Ադրբեջանի տարածքով՝ Եվրոպայից դեպի Միջին Ասիա և Չինաստան կոնտեյներային բեռների փոխադրման ուղղությամբ։ «Metrans» ընկերությունը կարող է բեռնարկղեր տեղափոխել Թուրքիայի նավահանգիստներ, իսկ «ADY Container»-ը՝ Ադրբեջան-Կենտրոնական Ասիա-Չինաստան ուղղությամբ:

Ադրբեջանական լրատվամիջոցները նշել են, թե Թուրքմենստանի իշխանությունները համաձայնել են մասնակցել «Լազուրային ճանապարհի» ծրագրին, որը Աֆղանստանը Թուրքմենստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով կապելու է Թուրքիայի հետ։ Ծրագրի բյուջեն, որը գնահատվում է 2 միլիարդ դոլար, ուղղված է տարանցման լոգիստիկայի դյուրացմանը և մաքսային ընթացակարգերի պարզեցմանը։

Ըստ այս նախագծի՝ երկաթուղիներն ու մայրուղիները պետք է միացնեն Տուրգունդի քաղաքը (Աֆղանստանի Հերաթ նահանգ) Աշխաբադին, այնուհետև կասպիական Թուրքմենբաշի նավահանգստին։ Տրանսպորտային միջանցքը շարունակվելու է դեպի Բաքու, այնուհետև Փոթի և Բաթումի մասնաճյուղերով դեպի Անկարա, ապա Անկարայից Ստամբուլ։

Հիշեցնենք, որ այս նախագծի վերաբերյալ համաձայնագիրը Թուրքմենստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և Աֆղանստանի միջև ստորագրվել է 2017 թ-ի նոյեմբերի 15-ին Աշխաբադում Աֆղանստանի տարածաշրջանային տնտեսական համագործակցության 7-րդ համաժողովի նախարարական հանդիպման ժամանակ։

Շաբաթվա ընթացքում Աշխաբադում մեկնարկել է Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 15-րդ գագաթնաժողովը, որին մասնակցել է նաև Ալիևը, ով հանդիպումներ է ունեցել Թուրքիայի, Իրանի, Տաջիկստանի և Պակիստանի գործընկերների հետ։ Պակիստանի նախագահ Արիֆ Ալվին շնորհավորել է Ադրբեջանին Ղարաբաղյան պատերազմում հաղթանակի կապակցությամբ։

Նշենք, որ Տնտեսական համագործակցության կազմակերպությունը ներառում է Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Պակիստանը, Թուրքմենստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը և Տաջիկստանը։

Ալիևը գագաթնաժողովի իր ելույթում հայտարարել է, որ «Զանգեզուրի տրանսպորտային միջանցքը դառնում է իրականություն»: Ըստ նրա՝ այդ նոր տրանսպորտային ենթակառուցվածքը կդառնա Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքի կարևոր մասը: Ընդ որում՝ նա համոզմունք է հայտնել որ ՏՀԿ երկրները կօգտվեն «Զանգեզուրի միջանցքի» հնարավորություններից:

Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն ասել է, որ ՏՀԿ-ն պետք է կամուրջ դառնա Ասիայի և Եվրոպայի միջև: Իսլամաբադ-Թեհրան-Ստամբուլ տրանսպորտային միջանցքը դրա լավ օրինակն է, և «Զանգեզուրի միջանցքը» կնպաստի տարածաշրջանի տնտեսական զարգացմանը։

Ադրբեջանը, Իրանը և Թուրքմենստանը եռակողմ համաձայնագիր են կնքել գազի փոխանակման վերաբերյալ, որի ստորագրումն Աշխաբադում տեղի է ունեցել Իբրահիմ Ռաիսիի և Իլհամ Ալիևի ներկայությամբ։ Պայմանագրի համաձայն՝ Իրանի տարածքով Թուրքմենստանից Ադրբեջան կմատակարարվի տարեկան 1,5-ից մինչև 2 միլիարդ խորանարդ մետր գազ։

Գերիների վերադարձի և ականապատման խնդիրների մասին

ՀՀ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան 2021թ. նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքում սանձազերծված ագրեսիվ գործողությունների ընթացքում գերեվարված հայ զինծառայողների հիմանարար իրավունքների ապահովման պահանջով։ ՄԻԵԴ-ը Ադրբեջանի կողմից գերեվարված 4 զինծառայողի վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում է կայացրել:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշել է, որ իրականացվում է գերեվարված ՀՀ զինծառայողների վերաբերյալ տեսանյութերի ուսումնասիրություն, ադրբեջաներենից թարգմանություն ու նույնականացում։ Ըստ նրա՝ խոսքը 21 տեսանյութի և 6 լուսանկարի մասին է:

Նոյեմբերի 23-ին Նիդերլանդների խորհրդարանը երկու բանաձև է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության և հայ գերիների վերաբերյալ։ Նիդերլանդների խորհրդարանը, հաշվի առնելով Ադրբեջանի՝ ԵՄ արժեքներից հեռու լինելու հանգամանքը, կոչ է արել կառավարությանը՝ ԱլԳ շրջանակում ԵՄ-Ադրբեջան բանակցությունների ժամանակ հետևություններ անել։

ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ նոյեմբերի 26-ին Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել գերեվարված երկու քաղաքացի։ Վերադարձվել է նաև մոլորվելու հետևանքով ադրբեջանական կողմի մոտ հայտնված Արցախի քաղաքացին.

Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքներով Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո Բաքուն Երևանին է հանձնել գերեվարված «100-ից ավելի հայ զինծառայողների»։

Ադրբեջանը Արցախից գրավված տարածքներում ականի վրա պայթելու հետևանքով տուժած ադրբեջանցիների նոր տվյալներ է ներկայացրել։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 2020 թ-ի նոյեմբերի 10-ից մինչև 2021 թ-ի նոյեմբերի 22-ը ականի վրա պայթելու հետևանքով մահացել կամ վիրավորում է ստացել մոտ 180 մարդ, որոնց մեծ մասը՝ քաղաքացիական անձինք։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նոյեմբերի 23-ին «Ազերիշիգ» էներգաբաշխիչ ընկերության աշխատակիցը Արցախի գրավյալ Քաշաթաղի շրջանում (Լաչին) ծառայողական պարտականությունները կատարելիս պայթել է հակահետևակային ականի վրա։ Նոյեմբերի 28-ին էլ Ադրբեջանի ներքին զորքերի երկու զինծառայող պայթել է ականի վրա Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, թե ԱՄՆ-ն Ադրբեջանին կնվիրի ևս 30 ական հայտնաբերող շներ:

Այլ թեմաներ

Շաբաթվա ընթացքում Հունաստանի Սալոնիկ քաղաքում հանրային տրանսպորտնի վրա փակցվել են Շուշի պատմական բերդի նկարը՝ ադրբեջանական անվանումով։ Այն հարուցել է հայկական համայնքի զայրույթը և հայկական կառույցների միջամտությամբ Սալոնիկի տրանսպորտի վրա հայտնված ադրբեջանական գովազդը հեռացվել է:

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի՝ Իրան կատարած այցն անվանել է իրանա-ադրբեջանական հարաբերություններում նոր շրջանի սկիզբ։

Ադրբեջանի Միլի Մեջլիսի նոյեմբերի 23-ի նիստում մի շարք պատգամավորներ հանդես են եկել Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբից հեռացնելու մասին հերթական հայտարարություններով։