Տարածաշրջանը պետք է կառավարեն հենց տարածաշրջանի երկրները. Իրանի նախագահ

Իրանի Իսլամական Հանրապետությունը կարծում է, որ տարածաշրջանը պետք է կառավարեն հենց տարածաշրջանի երկրները: Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի խոսքերը մեջբերել է IRNA-ն։

Նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ընդունում անհիմն խտրականությունը որևէ ժողովրդի, ռասայի կամ ազգի նկատմամբ՝ Ռաիսին նշել է, որ Թեհրանը կարծում է՝ տարածաշրջանը պետք է կառավարվի հենց տարածաշրջանի երկրների կողմից։

Ռաիսին հավելել է, որ կովկասյան տարածաշրջանում ռազմական գործողությունների ավարտը նշանավորում է տարածաշրջանային զարգացման և ինտեգրման նոր ժամանակաշրջանի սկիզբը։

«Հաշվի առնելով կովկասյան տարածաշրջանում նոր պայմանները՝ մենք կարծում ենք, որ երեք տասնամյակ հետո այնտեղ ավանդական երթուղիների վերածնունդը, բեռների և ուղևորների տեղաշարժի դյուրացումը կնպաստեն Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) աճին և զարգացմանը։

Մենք նաև կարծում ենք, որ տարածաշրջանի քաղաքական աշխարհագրության ցանկացած փոփոխություն ոչ միայն չի նպաստի տարածաշրջանի կայունությանը, այլև ապագայում հետագա լարվածության ճանապարհ կհարթի»,- ասել է նա։

«Կովկասի երկրների միջև համագործակցությունը հիմնված կլինի փոխադարձ հարգանքի և երկրների տարածքային ամբողջականության պահպանման վրա, իսկ միջազգային կանոնները կապահովեն խաղաղությունը, կայունությունը և ճանապարհ կհարթեն տարածաշրջանի երկրների առաջընթացի ու զարգացման համար»,- շեշտել է Իրանի նախագահը:

Նրա խոսքով՝ կովկասյան տարածաշրջանում կայունությունը և միջտարածաշրջանային համագործակցության ձևավորումը, ինչպիսին է Պարսից ծոց-Սև ծով միջազգային միջանցքի ստեղծումը, կարագացնի ՏՀԿ-ի անդամների միջև առևտրատնտեսական փոխանակումները: