«Տարածքների փոխանակում» ձևակերպումը կփոխարինվի «անկլավների փոխանակում»-ով

Եթե Վլադիմիր Պուտինի առաջարկն ընդունվեր և պատերազմը կանգնեցվեր հոկտեմբերի 19-ին, ապա Շուշին կմնար հայկական ուժերի վերահսկողության տակ, կմնար մերն ու մոտ 2000 զոհ պակաս կունենայինք։ Բայց եղավ այն, ինչ եղավ, և վերջնական փաստաթուղթը եղավ ամսի 19-ի տարբերակից շատ ավելի վատը։

ՌԴ նոր առաջարկը՝ սկսել սահմանազատում ու սահմանագծում 2021-ի նոյեմբերից մերժվեց, ու հիմա նաև փորձ է արվում ԵՄ-ից կամ ԱՄՆ-ից բերել «մի բան», դրա համար էլ նա հենց Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ։

Բայց ինչպես և պատերազմի ժամանակ, վերջնական առաջարկը կլինի ավելի վատը և, օրինակ, «տարածքների փոխանակում» ձևակերպումը կփոխարինվի «անկլավների փոխանակում» ձևակերպումով։ Սա դասական քաղաքական ճշմարտություն է, որը մեկ անգամ արդեն 2020-ին ապացուցվել է։ Եվ դրա մասին վկայակոչել են նաև մեր ընդդիմության տարբեր ներկայացուցիչներ՝ ամեն հաջորդ փուլում փաստաթուղթն էլ ավելի վատն էր։

Իհարկե, հասկանալի է, որ նա «անվտանգության երաշխիքներ է ուզում», «պողպատե երաշխիքներ», բայց նման բան ոչ ոք չի տա, առավել ևս ԱՄՆ-ը կամ ԵՄ-ը։ Այդ երաշխիքները ստանալու հարցում չի օգնի նաև ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի հանդեպ շանտաժը, այն ընդհակառակը՝ կբարդացնի ամեն բան։

Մենք շատ դրամատիկ զարգացումների փուլում ենք։ Աստված պահապան Հայաստանին և Արցախին։

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից