ՌԴ-ը կշարունակի օգնել ԵԱՏՄ երկրներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր արտադրելու հարցում. Միշուստին
Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի օգնել Եվրասիական միության երկրներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրության հարցում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ունեցած ելույթում այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Ռուսաստանյան պատվաստանյութերը ապացուցել են իրենց հուսալիությունը, և ՌԴ իշխանությունները պատրաստ են աջակցել գործընկեր երկրներին դրանք իրենց երկրներում արտադրելու հարցում,-հավելեց ՌԴ վարչապետը:
Միխայիլ Միշուստինը նաև խոսեց «Ճամփորդիր առանց COVID-19» հավելվածի մասին՝ նշելով, որ հավելվածն արդեն ավելի քան մեկ միլիոն օգտատեր է հավաքել։
Նա նշեց, որ այս հավելվածը թեթևացրել է սահմանային հսկողությունը ուղևորների նկատմամբ, այսինքն՝ զգալիորեն օգնել է ոչ դյուրին պայմաններում անվտանգ ուղևորափոխադրումներին։
«Համակարգին արդեն միացել են ԵԱՏՄ երկրները, քննարկվում է ԱՊՀ մյուս երկրների և համագործակցության սահմաններից դուրս երկրների միացումը»,- ասաց Միշուստինը։