«Ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին, կիսում եմ նրա ցավը». աշխարհահռչակ օպերային երգիչ Դևիդ Սերերոն ելույթ կունենա Երևանում

Ֆրանսիացի ճանաչված երգիչ, դերասան և պրոդյուսեր Դևիդ Սերերոն ելույթ կունենա Երևանում: Երգչի մենահամերգը տեղի կունենա վաղը՝ նոյեմբերի 10 –ին, ժամը 19:00-ին Vivaldi Hall-ում:

Սերերոն առաջին անգամ է Հայաստանում, բայց ինչպես ինքն է նշում՝ այս այցը հաստատ վերջինը չի լինի.

«Ես արդեն վայելում եմ Երևանը, այստեղ մնալու եմ 6 օր, բայց մի բանում վստահ եմ՝ մի օր էլի եմ գալու Հայաստան»,-ասում է երգիչը, որը հայ հանդիսատեսին կներկայացնի հայտնի օպերաներից ու մյուզիքլներից հատվածներ, ֆրանսիական շանսոն և, իհարկե, կկատարի Շառլ Ազնավուրի ստեղծագործություններից.

«Ես Փարիզում մեծացել եմ հայերի շրջապատում: Առաջին մարդիկ, որոնք ինձ հնարավորություն են տվել որպես երգիչ ելույթ ունենալ, հայ են եղել, և իմ համերգի հանդիսատեսի մեջ էլ միշտ գերակշռել են հայերը: Ես շատ շնորհակալ եմ ձեր ազգին՝ այդ մեծ աջակցության համար: Հայերը շատ բարեխիղճ ազգ են՝ միշտ հյուրընկալ և ընկերասեր: Ես շատ հայ ընկերներ ունեմ, բայց կցանկանայի ունենալ ավելին»:

Երգչին անչափ դուր է գալիս հայկական խոհանոցը, իսկ հայ կանայք արդեն հասցրել են հիացնել. «Կարծում եմ՝ հայ կանայք աշխարհում ամենագեղեցիկ հոնքերն ունեն»,-ասում է նա:

Հայաստանում ելույթ ունենալը Սերերոն համարում է երազանքի իրականացում, իսկ սպասված հրավերը ստացել է իր լավ ընկերոջից՝ Արմանդո Ղուկասյանից:

«Նա իմ ընկերն է, որը շոու-բիզնեսում ամենաաշխատասեր մարդկանցից է, միշտ կարևոր նախաձեռնություններ է իրականացնում: 2019-ին նրա հրավերով ես ելույթ եմ ունեցել Օդեսայում, և հենց այդ օրվանից նրան ասել եմ, որ մի օր անպայման ելույթ եմ ունենալու հայերի համար՝ գեղեցիկ Հայաստանում»:

Երգիչն անհամբերությամբ է սպասում հայ հանդիսատեսի հետ հանդիպմանը:

«Ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին, կիսում եմ նրանց ցավը և ցանկանում եմ անել ավելին նրանց համար: Իմ սիրտը միշտ բաց է հայերի համար»:

Դևիդ Սերերոն հայտնի է իր օպերային, հեռուստատեսային ու բեմական գործունեությամբ: Երգիչն աշխարհում ունեցել է ավելի քան 1600 համերգ, գլխավոր դերերով հանդես է եկել այնպիսի անվանի աշխատանքներում, ինչպիսիք են՝ «Սիրանո դը Բերժերակ», «Օթելլո», «Նաբուկկո», «Մարդը Լամանչիից», «Ռիչարդ III», «Կարմեն» և այլն: Երգիչն արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ Air France-ի՝ «Արվեստի և մշակույթի ոլորտում լավագույն ֆրանսիացի ձեռնարկատերը՝ դրսում», The Dale Wasserman հիմնադրամի կողմից՝ «Դոն Կիխոտի լավագույն երգիչ-դերակատար», ճանաչվել է «Բրաշով քաղաքի արտիստ-դեսպանը»: