60 700 դեղաչափ «Moderna» պատվաստանյութը ժամանել է Հայաստան

Նվիրաբերված 60 700 դեղաչափ «Moderna» պատվաստանյութը 2021 թվականի նոյեմբերի 9-ին ժամանել է Հայաստան։ Այն իրականացվել է ՀՀ քաղաքացիներին Սլովակիայի կողմից «Թիմ Եվրոպա» (Team Europe) նախաձեռնության շրջանակում հասանելի «ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի» աջակցությամբ։

Նվիրատվությունն առողջապահության նախարարությանն են հանձնել Հայաստանում Սլովակիայի հանրապետության դեսպան Միրոսլավ Հացեկը և Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Յան Պլեշինգերը «Զվարթնոց» օդանավակայանում։ Ներկա էին նաև ՀՀ առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը և Սլովակիայի հանրապետության առողջապահության նախարարության ներկայացուցիչը։

««Թիմ Եվրոպա» նախաձեռնության մասնակից Սլովակիան ուրախ է Հայաստանին նվիրաբերել «Moderna» պատվաստանյութը։ Պատվաստվելը լավագույնս կօգնի պաշտպանվել համավարակից և պաշտպանել մյուսներին։ Հույս ունենք, որ նվիրաբերված պատվաստանյութը կօգնի Հայաստանի կառավարությանը պատվաստումների վերաբերյալ տեղեկատվական արշավն արագացնելու գործում»,- նշեց Հայաստանում Սլովակիայի Հանրապետության դեսպան Միրոսլավ Հացեկը։

«Պատվաստանյութի նոր խմբաքանակի տրամադրումը Հայաստանին, հատկապես՝ Covid-19 հաստատված դեպքերի ներկա իրավիճակում, կարծում ենք՝ տեղի է ունենում ճիշտ ժամանակին։ Այս ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի՝ շարունակել ապահով և արդյունավետ պատվաստանյութերի հասանելիության ընդլայնումը և վերջ դնել համավարակին՝ պաշտպանելով ՀՀ քաղաքացիների առողջությունն ու կյանքը»,- ընգծեց Յան Պլեշինգերը։ (Նկարները տրամադրել է Հայաստանում Սլովակիայի Հանրապետության դեսպանությունը)։