Նախկինում ԵՊՀ-ի քաղաքականացված լինելը դրոշակ դարձրած իշխանությունները լծվել են մայր բուհն օկուպացնելու գործին

Նոյեմբերի 6-ին ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որի ընթացքում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվեց ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, իսկ քարտուղարի պաշտոնում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Հոգաբարձուների խորհրդի ղեկավարումը իշխանական պաշտոնյայի վստահելի ձեռքը հանձնելը վաղուց սպասելի էր ԵՊՀ-ի աշխատակիցների՝ դասախոսական և վարչական կազմի համար, քանի որ իշխանություններն արդեն իսկ հասկացրել էին, որ բուհերը իշխանական կառավարման ու համատարած վերահսկողության ներքո են պահելու։ Եվ նրանց ամենավատ սպասելիքները փաստորեն իրականացան։ Մինչև այդ էլ իշխանությունները լծվել էին մեկ այլ բարեփոխման, որպեսզի այդ վերահսկողությունն ու կառավարումը հնարավորինս արդյունավետ իրականացվի և Հայաստանի 3 պետական բուհերում՝ Երևանի և Գյումրու պետական համալսարաններում ու Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանում կրճատելով հոգաբարձուների խորհրդի կազմը՝ փոփոխել էին նաև հոգաբարձուների խորհրդի համամասնությունը։ Համաձայն կառավարության որոշման` 3 բուհերի խորհրդի կազմում նախկին 32-ի փոխարեն կլինեն 20 անդամներ՝ 11-ը կրթության նախարարությունից, 2-ը` կառավարությունից, 5-ը ուսանողներ են լինելու, 2-ը՝ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ։ Մինչ այդ բաժանումն արված էր համամասնորեն՝ յուրաքանչյուր մարմնից 25 տոկոս ներկայացվածություն էր ապահովվում։ Ինչպես ժամանակին ահազանգեցին բուհերի դասախոսները՝ այդ օրենքը ոտնձգություն է բուհերի ինքնակառավարման իրավունքի դեմ։ Զավեշտն այն է, որ 2018 թվականի իշխանափոխության ժամանակ՝ ԵՊՀ-ի քաղաքականացված և կուսակցականացված լինելը դրոշակ դարձրած ներկա իշխող քաղաքական ուժը, որը տզրուկի պես հետապնդեց ԵՊՀ-ի նախկին ռեկտորին ու նրան պարտադրեց հեռանալ աշխատանքից, հիմա ոչ միայն հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում է ՔՊ-ական նշանակում, այլև հավանաբար ռեկտորի այժմյան իշխանամետ պաշտոնակատարը որպես ռեկտոր կնշանակվի։ Հիշեցնենք` Երևանի պետական համալսարանն արդեն երկու տարի է, ինչ ռեկտոր չունի։ Արամ Սիմոնյանի հեռանալուց հետո, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 13 տարի շարունակ, նոր նշանակում տեղի չունեցավ, իսկ կրթօջախի շուրջ լարվածությունը սկսեց աճել․ այս պաշտոնի բոլոր հնարավոր թեկնածությունները կոշտ քննադատության էին ենթարկվում։ Օգոստոսի 5-ին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց աստվածաբան Հովհաննես Հովհաննիսյանը: Ռեկտորի պաշտոնում նրա հնարավոր նշանակումը նոր կրքեր է հարուցել մայր բուհում։ Հեղափոխության օրերին ԵՊՀ-ի ներուժը օգտագործած մերօրյա իշխանավորները լավ գիտեն մայր բուհի ներուժը, և հավանաբար այս կերպ փորձում են իրենց ձեռքում պահել հնարավոր պայթուցիկ ռումբը՝ ցանկացած ընդվզում ճնշելու համար, ինչու ոչ՝ նաև անհրաժեշտության դեպքում սեփական շահերի համար ԵՊՀ-ն օգտագործելու նպատակով։ Դե իհարկե, իրենք ինչո՞վ են նախկիններից վատ, և նրանց կառավարման տարիները ցույց տվեցին, որ նախկինների տխուր դասերը, որոնց մասին չէին դադարում շեփորահարել, զուր չեն անցել քայլականների համար և նրանք նախկինում իրենց կողմից քննադատված «բարի ավանդույթների» անմնացորդ կրողներն են։

Ինչպես նկատում է ԵՊՀ-ի դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանը՝ իշխող թիմը համալսարանը քաղաքականացնելով՝ ուզում է իր կուսակցական հենակետը դարձնել, որպեսզի համալսարանի միջոցով «Քաղպայմանագրի» կործանարար ծրագրերը իրագործի։ Դատելով նրանից, որ գրեթե չորս տարվա կառավարման ընթացքում սրանք քայքայեցին բոլոր ոլորտները՝ կարելի է եզրակացնել, որ մայր բուհը գրավելով՝ կփորձեն շարունակել իրենց ավերիչ գործունեությունը նաև կրթության ոլորտում, որի սկիզբը դրվեց դեռ դպրոցներից։

Սերժ Սրապիոնյանը մտավախություն ունի, որ Սուրեն Պապիկյանին ու ԵՊՀ ռեկտորին նշանակելուց հետո կլծվեն ընդդիմադիր, ոչ իշխանահաճո դասախոսների հալածանքներին, նրանց հետ հաշեհարդար տեսնելուն և ոլորտից դուրս մղելուն, ովքեր չեն հանդուրժում ներկա իշխանության ապազգային քաղաքականությունը, որպեսզի քպ-ականների ձեռքերն այլևս որևէ մեկը չկապի։ Ըստ Սերժ Սպապիոնյանի՝ քպ-ականներն իրենց դրածոյին կնշանակեն ռեկտոր, համալսարանում առողջ միտքը աստիճանաբար դուրս կմղվի,  նրանք կմեկուսացվեն կամ առհասարակ ասպարեզից կհեռացվեն, ու համալսարանն ամբողջությամբ կանցնի իշխանության վերահսկողության տակ, կվերածվի թեմական դպրոցի։

Ի դեպ, արդեն իսկ ոչ իշխանահաճո գաղափարներ ունեցող, իշխանությունների գործելաոճը քննադատող և նրանց չենթարկվող դասախոսներն արդեն իսկ ահազանգում են, որ իրենք խոշորացույցի տակ են, և ցանկացած վրիպում կարող է օգտագործվել նրանց բուհից պարզապես հեռացնելու համար։ Իսկ դա կարող է նաև պարարտ հող ստեղծել ԵՊՀ-ից սկզբունքային, խելացի, ազատամիտ դասախոսների արտագաղթի համար։

Թագուհի Ասլանյան