Բաքուն սպառնացել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին

Բաքուն սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հասցեին։ Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը երեկ հայտնել է Կարապետյանի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցի մասին։

Այդ հաղորդագրությունը նյարդային արձագանք է առաջացրել Բաքվում՝ ընդհուպ մինչև Ադրբեջանի պաշտպանության նախարարության հիստերիայի։  Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ Կարապետյանի այցը որակվում է որպես «անօրինական» և «սադրիչ», իսկ այցի նպատակն է «ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում և ստվեր գցել ռուս խաղաղապահների գործունեության վրա»։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զգուշացնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ ադրբեջանական տարածքներ նման անօրինական այցերի կրկնման դեպքում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ՝ ագրեսիվ անջատողականությունը և սադրանքները կանխելու համար»,-սպառնում է Ադրբեջանի ՊՆ-ը։