Հանրային բաց տարածքներում շնչադիմակի պարտադիր կրման պահանջի առնչությամբ հայց է ներկայացվելու Անահիտ Ավանեսյանի դեմ. 3

Սկիզբը` այստեղ 

Ծանոթանալով ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանի բազմաթիվ հրամանների և ելույթների, «ՀՀ առողջապահության նախարարություն» (այսուհետ` ԱՆ) կոչված, բայց մի շարք դեպքերում մարդկանց առողջության դեմ գործած ու գործող մարմնի գործունեության և անգործության մի շարք դրսևորումներին, հրապարակած տեղեկություններին, տեսնում ենք, որ նրանք մեծապես կախված են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ), նրան են վկայակոչում, նրա դիրքորոշումներով առաջնորդվում` հավելյալ կերպով հաստատելով, որ Հայաստանի անկախությունը ձևական բնույթ ունի:

ԱՀԿ-ի անվանումը վերջերս այնքան գործածվեց բացասական համատեքստում, այնքան հիշատակվեց սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից, որ ասպարեզ եկավ ու տարածվեց «ВОЗ-ի տղա» արտահայտությունը: Չգիտես ինչու, չեն ասում «ВОЗ-ի աղջիկ», էն գենդերային հավասարության պաշտպանների ձայնն էլ չի ելնում, թեև, եթե «ВОЗ-ի տղա» կա, «ВОЗ-ի աղջիկ» էլ պետք է լինի:

Քանի որ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնողը և ԱՆ կոչվածը շատ են սիրում ԱՀԿ-ի «առաջարկություններով», «խորհուրդներով», ուղեցույցներով, հրահանգներով առաջնորդվել, տարբեր հարցերում ԱՀԿ-ի վրա հղումներ կատարել, մեզ հետաքրքրեց, թե ԱՀԿ-ն ինչ դիրքորոշում ունի շնչադիմակների օգտագործման հարցում, հատկապես, հանրային բաց տարածքներում:  Մեր ձեռքի տակ են ԱՀԿ-ի 04.11.2020թ. և 14.06.2021թ. «COVID-19-ի տարածման հետ կապված բնակչության առողջության պաշտպանության միջոցառումների և սոցիալական միջոցառումների իրականացման և ճշգրտման սկզբունքները» վերտառությամբ ժամանակավոր հանձնարարականները:

Վերոնշյալ հանձնարարականներից առաջինի համաձայն, բնակչության առողջության պաշտպանության միջոցառումները և սոցիալական միջոցառումները «ներառում են անձնական պաշտպանության միջոցները (ինչպիսիք ձեռքերի հիգիենան, շնչառական էթիկետը /վարվելակերպի կանոնների ամբողջությունը.- Ա. Հ./ դիմակ կրելը), էկոլոգիական միջոցառումները (այնպիսիք, ինչպիսիք մաքրումը, ախտահանումը, օդափոխությունը), համաճարակային վերահսկողության և արձագանքման միջոցառումները (ներառյալ շփումների հետագծումը, մեկուսացումը և կարանտինը), ֆիզիկական հեռավորության միջոցառումները (օրինակ, զանգվածային միջոցառումների ժամանակ մարդկանց թվաքանակի սահմանափակումը, հանրային վայրերում կամ աշխատավայրում հեռավորություն պահպանումը, երկրի ներսում տեղաշարժի սահմանափակումը) և միջազգային ճամփորդությունների հետ կապված միջոցառումները»։

Առանձին նշված է, որ բնակչության առողջության պաշտպանության միջոցառումները և սոցիալական միջոցառումները «գործում են համաձայնեցված, և արդյունավետ հսկողություն ապահովելու համար պահանջվում է միջոցառումների համալիր»:

ԱՀԿ 14.06.2021թ. հանձնարարականի համաձայն նույնպես` բնակչության առողջության պաշտպանության միջոցառումները և սոցիալական միջոցառումները «գործում է համալիրում, և զսպման անհրաժեշտ մակարդակի ապահովման համար պետք է ներդնել մի շարք միջոցառումներ»:

Հիմա եթե Հայաստանում բնակչության առողջության պաշտպանության միջոցառումները և սոցիալական վերոնշյալ միջոցառումները թերի են կատարվում,  համալիր կերպով չեն իրականացվում, օրինակ, ֆիզիկական հեռավորության միջոցառումներից հանրային վայրերում, աշխատավայրում սոցիալական հեռավորությունը չի պահպանվում, պետությունը չունի այդ պայմանի կամ պահանջի կատարումը հսկելու և ապահովելու մեխանիզմներ, ինչո՞ւ է պահանջվում հանրային բաց վայրերում կատարել վերոնշյալ միջոցառումներից շնչադիմակների կրումը, երբ այն առանց մյուս միջոցառումների համալիր, համաձայնեցված կատարման, դիմակների կրումը կորցնում է իր առանց այն էլ սահմանափակ, մասնակի արդյունավետությունը, հետևաբար և իմաստը:

ԱՀԿ 14.06.2021թ. հանձնարարականի համաձայն, այն դեպքում, երբ բնակչության առողջության պաշտպանության և սոցիալական այլ միջոցառումներ են ներդրվում SARS-CoV-2 վիրուսի տարածումը վերահսկելու համար, «բնական կամ հետպատվաստումային իմունիտետ ունեցող անձանց համար մի շարք սահմանափակումների վերացումը կարող է օգնել մեղմելու հակահամաճարակային միջոցառումների հարուցած տնտեսական և սոցիալական դժվարությունները: Հանրային առողջապահության նման անհատականացված միջոցառումների ներդրման դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք էթիկական և տեխնիկական նկատառումներ»:

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնողն անտեսել է նաև ԱՀԿ վերոնշյալ հանձնարարականը` նախկինում հիվանդացած և COVID-19-ի դեմ բնական իմունիտետ ունեցող աշխատող քաղաքացիներից նույնպես իր հրամանով պահանջելով ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի հավաստագիր ներկայացնել գործատուին (այդ ո՞վ է ապացուցել, ապացուցողական բժշկության այդ ի՞նչ փաստ և եզրահանգում կա, որ COVID-19-ով հիվանդացած անձի բնական իմունիտետը բավարար մակարդակ ունի միայն հիվանդության սկզբից կամ առաջին ՊՇՌ հետազոտության դրական արդյունքից ընդամենը 90 օրվա սահմանում):

Ավանեսյանն անտեսել է նաև նույն հանձնարարականում նշվածն առ այն, որ, միևնույն ժամանակ, բնակչության առողջության պաշտպանության և սոցիալական ավելի խիստ միջոցառումներ ներմուծելիս, «անհրաժեշտ է ուշադրության առնել դրանց սոցիալ-տնտեսական հետևանքները, հատկապես օրավարձից բարձր կախվածության և ոչ ֆորմալ տնտեսության պայմաններում (ինչն առկա է Հայաստանում.- Ա. Հ.)։ COVID-19-ի դեմ պայքարում խստացման, թուլացման կամ բնակչության առողջության պաշտպանության միջոցառումների և սոցիալական միջոցառումների ներդրման որոշումները պետք է հարաբերակցվեն հասարակության և առանձին անձանց վրա այդ միջոցառումների դրական և բացասական հետևանքների նկատմամբ:

Կարևոր նկատառումների թվում են հետևանքները առողջության, տնտեսության, անվտանգության, հոգեսոցիալական բարեկեցության, մարդու իրավունքների, պարենային անվտանգության, սոցիալ-տնտեսական հավասարության, հանրային առողջապահական այլ ծրագրերի անընդհատ իրականացման, COVID-19-ի հետ չկապված առողջական խանգարումների բուժման ու հսկողության, գենդերային բռնության և հասարակական տրամադրությունների ոլորտներում»:

Ավանեսյանն այս բոլոր նկատառումներն էլ անտեսել է…

Շարունակելի

 

Արթուր Հովհաննիսյան