Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր հանդիպել եմ Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենի և Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոս Թիմոթի Սթրայթի հետ։

Շնորհակալություն հայտնելով գործընկերներիս հանդիպման նախաձեռնության համար, կրկին կարևորել եմ Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ և Չեխիայի Հանրապետության ու Ֆինլանդիայի Հանրապետության կոնսորցիումի կողմից իրականացվող «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագիրը: Այն մեկնարկել է ս.թ. մարտի 4-ին։ Ծրագրի բյուջեն 1,000,000 եվրո է, ծրագրի տևողությունը՝ 24 ամիս:

Նախարարության միջազգային համագործակցության վարչության և մասնագիտական ստորաբաժանումների առաջ խնդիր է դրված առավելագույնս ներգրավված լինել գործընթացներին և աջակցություն ցուցաբերել կողմերին։

Ցավով արձանագրել եմ նաև, որ էկոհամակարգերի զարգացման առումով այնպիսի առաջատար երկիրն, ինչպիսին Ֆինլանդիան է, Շրջակա միջավայրի նախարարության հետ այլ ընթացիկ ծրագիր չունի, ինչի ուղղությամբ պետք է ջանքեր գործադրվեն և կոնկրետ աշխատանքներ տարվեն։

Հայտնել եմ, որ ՀՀ կառավարությունն, ի մասնավորի Շրջակա միջավայրի նախարարության, պատրաստակամ է քննարկել ամենալայն համագործկացության ձևաչափերը՝ կանաչ տեխնոլոգիաների և կանաչ տնտեսության զարգացման, ինչպես նաև էներգետիկայի վերականգնվող աղբյուրների կիրառման ոլորտում։

Ուրախ կլինենք համագործակցել և փորձի փոխանակում իրականացնել նաև բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառային ու ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման բնագավառում։

Անդրադարձել եմ այս փուլում առկա բնապահպանական խնդիրներին, Շրջակա միջավայրի նախարարության կողմից նախաձեռնած օրենսդրական փոփոխություններին և այն բարեփոխումներին, որոնք հետևողականության և ոլորտը կանոնակարգելու կամքի շնորհիվ հասցրել ենք կյանքի կոչել։

Տիկին դեսպանի հետ քննարկել ենք նաև հանրության շրջանում էկոլոգիական կրթության որակի բարելավման և բնապահպանական խնդիրների շուրջ իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված մեր քաղաքականությունը։

Հանդիպման ավարտին հույս եմ հայտնել, որ նման ձևաչափով հանդիպումներն ու երկկողմ ջանքերը հնարավորություն կտան շրջակա միջավայրի կառավարման ուղղություններով հետևողականորեն ամրապնդել հարաբերությունները և խորացնել համագործակցությունը»։