Պատմաբաններն ու հայագետները բացահայտում են հայկական գաղթավայրերի մասին օտար աղբյուրները

Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում տեղի է ունեցել «Օտար աղբյուրները հայկական գաղթավայրերի մասին» միջազգային երկրորդ գիտաժողովը՝ նվիրված Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի հիմնադրման 200-ամյակին (1821-2021թթ.):

ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայության փոխանցմամբ, գիտաժողովին ներկայացվել է «Օտար աղբյուրները հայկական գաղթավայրերի մասին (պրակ Ա)» նյութերի  ժողովածուն, որը նվիրված է մեծանուն հայագետ, Մխիթարյան միաբանության անդամ Հայր Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակին:

Ժողովածուի հրատարակությունը նախաձեռնել է ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական գաղթօջախների և Սփյուռքի պատմության բաժինը: Բաժնի վարիչ, պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը, ողջունելով ներկաներին, ասել է. «Այսօր մեր ինստիտուտի պատմության մեջ ավելանում է ևս մեկ նշանակալի օր, հիմք ենք դնում նոր մատենաշարի: 2020 թ-ի սեպտեմբերի 15-ին մենք կազմակերպել էինք միջազգային գիտաժողով՝ «Օտար աղբյուրները հայկական գաղթավայրերի մասին»  խորագրով, որը լայն արձագանք գտավ, մասնակցության հայտ ներկայացրեցին Իտալիայից, Ֆրանսիայից, Հունաստանից,  Հունգարիայից, Ռումինիայից, Շվեյցարիայից: Գիտաժողովը շատ հաջողությամբ ավարտեցինք և որոշեցինք հրատարակել այս ժողովածուն, որտեղ ընդգրկված է շուրջ 21 զեկույց:

Մենք փորձում ենք վերհանել մեր գաղթաշխարհի պատմությունը, հատկապես այն առանձնահատուկ հատվածը, որը վերաբերում է օտար հեղինակների ու ճանապարհորդների՝ հայկական գաղթավայրերի մասին անդրադարձերին: Այս առումով կա հսկայածավալ նյութ, և կան աղբյուրներ, որոնք պետք է մշակվեն  և այսպիսի ժողովածուների տեսքով լույս տեսնեն»:

Շնորհավորելով գիտաժողովի մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ Յուրի Սուվարյանն ասել է. «Այս ժողովածուն լուրջ հաջողություն է պատմագիտության ոլորտում: Բավականաչափ արժևորվել է ոչ միայն Ղևոնդ Ալիշանի գրական ժառանգությունը, այլ նաև այսօրվա խնդիրների տեսակետից դիտարկվել են շատ հարցադրումներ, հատկապես նրա աշխատությունը՝ նվիրված աշխարհագրական խնդիրներին, Հայաստանի սահմաններին, և այս ամենը ստացել են ժամանակակից հնչեղություն: Մաղթում եմ հաջող և արդյունավետ աշխատանք այս կարևոր միջոցառման բոլոր մասնակիցներին»:

Միանալով շնորհավորանքներին՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը նշել է. «Պատմագիտության մեջ մենք մի նոր բնագավառի ակոս ենք բացել: Հայկական գաղթօջախների և սփյուռքի պատմության բաժինը կարողացավ այս գիտաժողովների ու մատենաշարի ստեղծման շնորհիվ միավորել մեր սփյուռքի մասնագետներին: Ես հաջողություն եմ մաղթում գիտաժողովին և միաժամանակ համոզվածություն եմ հայտնում, որ այս շարքը կշարունակվի»:

ԳԱԱ թղթակից անդամ Ալբերտ Խառատյանն էլ նշեց, որ ժողովածուն գիտական տեսակետից անգնահատելի ճանաչողական նշանակություն ունի։

Ժողովածուի ստեղծման գաղափարը պատմաբան, թարգմանիչ, բանասեր, կինոգետ Արծվի Բախչինյանինն է, ով արտերկրում բնակվելու տարիներին բացահայտել է օտար աղբյուրներ, որոնք անդրադարձել են հայկական գաղթօջախներին: «Թե ճանապարհորդները, թե միսիոներները պարբերաբար հիշատակում են հայերին, որոնց նրանք հանդիպել են աշխարհի տարբեր ծայրերում: Այդ նյութերը կարիք ունեն թարգմանության և ներկայացման: Տարբեր լեզուներ կրող մեր մասնագետները պետք է բացահայտեն տվյալ լեզուներով այն աղբյուրները, որոնցում կան վկայություններ հայության և հայ ժողովրդի մասին»:

Գիտաժողովի նիստերին ներկայացվել են զեկույցներ՝ նվիրված Արևելքի,  Եվրոպայի և ԱՄՆ-ի հայկական գաղթավայրերին, դրանց դերին և կարևորությանը: Զեկույցները ներկայացրել են պատմաբաններ, հայագետներ, փորձագետներ Հայաստանից, Հունաստանից, Լիբանանից, Հորդանանից, Գերմանիայից, Հունգարիայից և Ռումինիայից: