ՌԴ ԱԳՆ-ը հայտնել է, որ որոշ երկրներ տիեզերքում զենք տեղակայելու ուղղությամբ են աշխատում

Վերջին շրջանում մեծանում է տիեզերքը զինված դիմակայության ասպարեզի վերածելու վտանգը։ Այս մասին Ժնևում հայտարարել է ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՌԴ ներկայացուցչի տեղակալ Անդրեյ Բելոուսովը։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջին կոմիտեի նիստում նա նշել է, որ այս դիմակայությունը կարող է վերածվել հակամարտությունների, որը կարող է աղետալի հետևանքներ ունենալ մարդկության համար։

«Մի շարք պետություններ արդեն իրականացնում են տիեզերքում զենք տեղակայելու քաղաքականություն, զարգացնում են տիեզերական օբյեկտների և Երկրի վրա կենսաապահովման ենթակառուցվածքների վրա ուժային ազդեցությունների ներուժ, ինչպես նաև նախատեսում են տիեզերքում ռազմական գործողություններ իրականացում»,- ընդգծել է նա։

Այս ֆոնին, ըստ Բելոուսովի, ավելի է մեծանում տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխելու և խաղաղ նպատակներով տիեզերքը պահպանելու առաջադրանքի հրատապությունը։