Քաբուլի կենտրոնում՝ հիվանդանոցի շենքի մոտ երկու հզոր պայթյուն է որոտացել

Նոյեմբերի 2-ին երկրորդ հուժկու պայթյունն է տեղի ունեցել Քաբուլի կենտրոնական մասում՝ Մուհամադ Դաուդ Խանի անվան հիվանդանոցի շենքի մոտ: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնել է տեղական Tolo News հեռուստաալիքը:

Ըստ հեռուստաալիքի տեղեկատվության՝ այս պահին Վազիր Աքբար Խան թաղամասում, որտեղ նաև գտնվում են օտարեկրյա դիվանագիտական ներկայացուցչություններ, փոխհրաձգություն է ընթանում հարձակվողների և երկրում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման զինյալների միջև:

Ինչպես հեուստաալիքին հայտնել է արմատականների կողմից նշանակված՝ տեղեկատվության և մշակույթի երկրորդ փոխնախարար Բիլալ Քարիմին, առաջին պայթյունը որոտացել է բուժհիմնարկի շենքի մուտքի մոտ, երկրորդը՝ դրա մերձակայքում:

Մուհամադ Դաուդ Խանի անվան հիվանդանոցը նախատեսված է 400 մահճակալ-տեղի համար և պատկանում է Աֆղանստանի պաշտպանության նախարարությանը:

Պատահարի հետևանքով զոհերի և վիրավորների մասին տեղեկատվություն առայժմ չի ստացվել: