Նոյեմբերի 9-ի հնարավոր հանդիպմանն ի՞նչ կարող է տեղի ունենալ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Ագրարային համալսարանի էկոնոմիկայի ամբիոնի դասախոս, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ, աշխարհագրագետ Արշակ Վարդանյանը։ 

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք Հայաստանի Հանրապետության սահմանազատման, սահմանագծման սպասվող գործընթացից և դրա հնարավոր հետևանքներից։ Ինչո՞ւ է այսօր մեր պետության առաջ հառել սահմանների վերաձևման և սահմանների իրավական հստակեցման հարցը։ Հաղորդման հյուրն ասաց, որ Հայաստանը կանգնել է այդ սպառնալիքի առաջ, և արդեն իսկ ՀՀ իշխանությունները խոստովանական հայտարարություններ են անում Հայաստանից Ադրբեջանին գյուղական բնակավայրեր ու ճանապարհներ զիջելու պատրաստակամության վերաբերյալ։ Արդեն իսկ Հայաստանից որոշակի տարածքներ հանձնվել են, ավելի ճիշտ նվիրաբերվել են թշնամուն և գտնվում են նրանց վերահսկողության տակ։ Հետևաբար պետք է սպասել երբեմնի ԽՍՀՄ վարչական տարածքներով անցնող սահմանների վերականգնման, իսկ դա լուրջ խնդիրներ կառաջացնի Հայաստանի համար թե անվտանգային, թե տնտեսական առումներով։

Արշակ Վարդանյանը հիշեցրեց «Վալդայ» քննարկման ակումբում վերջերս ՌԴ նախագահ Վլ․ Պուտինի առաջարկը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատումն իրականացնել Ռուսաստանում պահվող քարտեզներով, որոնք ԽՍՀՄ-ի տարիներին են կազմվել այն ժամանակ գործող սահմաններով ու տարածքային բաժանումներով։ Արդյո՞ք այդ քարտեզները Հայաստանի համար նոր տարածքների զիջում չեն նախատեսում, կամ գուցե ավելի ձեռնտու են։

Խոսեցինք նաև նոյեմբերի սկզբին սպասվող երեք երկրների ղեկավարների հանդիպման մասին, որն այսօր հանրային քննարկման թեմա է դարձել։ Հաղորդման հյուրն ասաց, որ դեռևս կարող ենք ենթադրություններ անել, թե հանդիպման ժամանակ ինչ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն, բայց դատելով մեր իշխանությունների զիջողական տրամադրություններից՝ ամենայն հավանականությամբ այդ հանդիպումից հետո ևս Հայաստանը տարածքային կորուստներ կունենա։

Մանրամասները՝ տեսանյութում