Հայց է ներկայացվել գործատուի դեմ․ «Ազատ կամք» նախաձեռնություն

Այսօր՝ 01.11.2021թ. «Ազատ կամք» նախաձեռնության փաստաբանական թիմի կողմից քաղաքացի Մուրադ Վահրամի Ջանիբեկյանի անունից հայց է ներկայացվել վերջինիս գործատու՝ «Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպութան (այսուհետ՝ Թատրոն) դեմ:

Թատրոնը Մուրադ Ջանիբեկյանի նկատմամբ կարգապահական տույժ՝ նկատողություն է կիրառել հիմնվելով ՀՀ Առողջապահության նախարարի թիվ 17-Ն հրամանի վրա, ըստ էության այն պատճառաբանությամբ, որ Մուրադ Ջանիբեկյանը չի պատվաստվել և ՊՇՌ սերտիֆիկատ չի ներկայացրել:

Հայցադիմումի հիմքերից մեկում դրվել է այն փաստարկը, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ աշխատողի անձնական տվյալները փոխանցելիս գործատուն պարտավոր է պահպանել հետևյալ պահանջը՝ չպահանջել աշխատողի առողջության վերաբերյալ տեղեկություններ, բացառությամբ այն տվյալների, որոնք վերաբերում են աշխատողի կողմից աշխատանքային գործառույթ իրականացնելու հնարավորությանը:

Հետևաբար, գործատուն չէր կարող աշխատողից պահանջել նրա առողջության վերաբերյալ տեղեկություններ և փաստաթղթեր:

Առողջապահության նախարարի հրամանը չի կարող օրենքի կարգավորման տիրույթի հարց կարգավորել:

Հայցվոր կողմը դատարանից խնդրել է Թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Մկրտչյանի՝ 20.10.2021թ. թիվ 92-Ա հրամանը (Մուրադ Վահրամի Ջանիբեկյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին) ճանաչել անվավեր:

Հ.Գ. Հարգելի քաղաքացիներ, «Ազատ կամք» նախաձեռնության փաստաբանական թիմը պատրաստ է անվճար ներկայացնել ձեր շահերը նմանատիպ խախտումների դեպքում:

 

Արա Զոհրաբյան

«Ազատ կամք» նախաձեռնության անդամ, Փաստաբանական դպրոցի տնօրեն