Սյունիքում զորքերի հետքաշման հրամանը ես եմ տվել․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատգամավոր Աննա Գրիգորյանը, դիմելով կառավարությանը, հայտարարեց, որ այսօր ադրբեջանցիները հայտնվել են Սյունիքում, որովհետև դեկտեմբերի 18-ին եղել է զորքերի հետքաշման հրաման, որը նախատեսված չի եղել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ․ «Հարց հստակ է՝ զորքերի հետքաշման հրամանաը եղել է բանավո՞ր, թե՝ գրավոր, ի՞նչ է այն մարդու անուն ազգանունը, ով հնչեցրել է նման հրաման, արդյո՞ք ԱԽ նիստ տեղի ունեցել է նման որոշում կայացնելուց առաջ»։

«Սյունիքի հետ կապված, ես այս հարցին պատասխանել եմ։ Ես երբևէ հրաժարվե՞լ եմ, որ այդ որոշման պատասխանատուն եմ։ Գրավոր է եղել, թե՝ բանավոր։ Ասում եք՝ նախարարը գրավոր է տվել, թե՝ բանավոր։ Իրենց ընթացակարգերով են տալիս հրամանները։

Քննարկում, այո, եղել է։ ԱԽ նիստ չի եղել, բայց ԱԽ գործնականում բոլոր անդամները, Սյունիքի մարզպետը, ԱԳ նախարարը, նախարարի տեղակալը մասնակցել են քննարկմանը, որը տեղի է ունեցել կառավարությունում։

Որոշումը կայացվել է պատերազմից խուսափելու համար։ Իմ համոզմունքն այն է, որ եթե այդ որոշումը չկայացվեր այնտեղ ռազմական գործողություններ էին սկսելու ու Սյունիքում մենք իրոք խնդիրներ էինք ունենալու։ Ես 100 անգամ ասել եմ։ Ինչու մենք այնտե՞ղ էինք կանգնած, մենք դրանից տասնյակ կմ-ներով առաջ էինք կանգնած, ցավոք սրտի եկել հասել ենք այնտեղ, ու այո այդ որոշումը կայացվել է։

Որոշումը կայացվել է նաև այն տրամաբանությամբ, որ բանակցային քննարկումների ընթացքում եղել է ըմբռնում, որ մենք 7 շրջաններ պետք է հանձնենք։ Այդ տարածքները հանձնվել են 7 շրջանների մաս լինելու բերումով։ Ինչու են 7 շրջանների մաս, ինչքան էլ դա ձեզ դուր չգա, վարչատարածքային բաժանման մասին օրենքով արձանագրված է»։

Փաշինյանն ասաց, որ զորքերի հետքաշման հրամանն ինքն է տվել, Վաղարշակ Հարությունյանը իրականացրել է այդ հրամանը։ Պատասխանատուն ինքն է, որոշուման կայացմանը նախորդել են քննարկումներ ԱԽ անդամների կազմով, չնայած ԱԽ նիստ չի եղել։

Նա ասաց, որ այդ որոշումը կայացվել է ստրատեգիական նշանակության ճանապարհը չկորցնելու՝ առնվազն ինչ-որ ժամանակ, նկատառումով։