Իրանը շարունակում է պատրաստվել «թեժ» պատերազմի և խոստանում «անմոռանաց պատասխան»

Մենք շատ ժամանակ ենք հատկացնում Իրանին, և դա առավել քան հասկանալի է, հատկապես՝ վերջին շրջանում իրանական ռազմական պատվիրակության Ռուսաստան կատարած այցի ֆոնին: Ինչպես հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաքերին՝ բանակցություններում Ռուսաստանի հետ ռազմածովային համագործակցության «լավ պայմանավորվածություններ» են ձեռք բերվել։

Հոկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում ՌԾՆ գլխավոր հրամանատարի տեղակալ, փոխծովակալ Վլադիմիր Կասատոնովի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում գեներալ-մայոր Բաքերին ասել է, որ իրենք ընդհանուր առմամբ խոսել են Իրանի և Ռուսաստանի միջև ռազմածովային համագործակցության մասին: Հանդիպմանը իրանցի գեներալն ասել է, որ քննարկվել են իրանական նավերի մասնակցությունը Ռուսաստանի կողմից անցկացվող ռազմական խաղերին և ռազմածովային զորավարժություններին, օպերատիվ փորձի փոխանակմանը, համագործակցությանը և համատեղ հետազոտություններին՝ ռազմածովային ուժերի սպառազինության բարելավման ուղղությամբ և Իրանում անցկացվող զորավարժություններին ռուսաստանյան ռազմանավերի փոխադարձ ներկայությանն առնչվող հարցեր:

Պարոն Բաքերին նաև նշել է, որ լավ պայմանավորվածություններ են ձեռք բերվել հավաքական ծովային անվտանգության նպատակով Մերձկասպյան երկրների ռազմածովային ուժերի հրամանատարների հանդիպման վերաբերյալ՝ նշելով, որ Կասպից ծովում անվտանգությունը պետք է ապահովեն միայն հինգ ափամերձ երկրները՝ նախկին համաձայնագրին համապատասխան։ Այսպիսով, Իրանը ռազմական խողովակներով շարունակում է Ռուսաստանին ստիպել հրապարակայնորեն դատապարտել Ալիևի ռեժիմին և Թուրքիային այն բանի համար, որ թուրք զինվորականները հայտնվել են Կասպից ծովում Անկարայի և Բաքվի վերջին համատեղ ռազմածովային զորավարժությունների ժամանակ։

Կարծում ենք՝ պատահականչէ, որ գեներալ-մայոր Բաքերիի հայտարարությունների հետ ժամանակագրական առումով համընկնում է նաև իրանցի զինվորականների մեկ այլ հայտարարությունը: Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Շահրամ Էրոնին ներկայացրել է իրանական նոր սուզանավերի արտադրության ծրագրերը։ Հոկտեմբերի 20-ին ռադիոհարցազրույցում ռազմածովային ուժերի ղեկավարն ասել է, որ Իրանը ձեռք է բերել բարդ ռազմածովային տեխնիկա ստեղծելու հմտություն՝ հենվելով ներքին հնարավորությունների վրա։ Մատնանշելով հայրենական արտադրության սուզանավերը՝ հրամանատարը հաղորդել է, որ մոտ ապագայում ռազմածովային նավատորմը պատրաստվում է նոր սուզանավեր պատրաստել, և հայտարարել էսմինեցներ արտադրելու պլանների մասին։ Տեղեկացնենք, որ առայժմ Իրանում կառուցվում են «Jamaran» և «Sahand» տեսակի մի շարք էսմինեցներ։ Մինչ այժմ Իրանը գործարկել է հայրենական արտադրության տարբեր դասերի առաջատար սուզանավեր, այդ թվում ՝ «Քադիր», «Քայեմ», «Նահանգ», «Թարեկ» և «Սինա»:

Ինչպես հոկտեմբերի 21-ին հայտնել է իրանական «Mehr News» գործակալությունը, իրանական ռազմաօդային ուժերի «Fadaeian-e Harim-e Velayat» («Տերության երկնքի պաշտպաններ») կոչվող զորավարժությունների հիմնական փուլում պայմանական թշնամու թիրախները ոչնչացվել են «Yasin 90» հայրենական արտադրության ռումբերի օգտագործմամբ: Ավիացիոն զորավարժություններն առաջին անգամ անց են կացվել ապակենտրոնացված ձևով՝ Իսլամական Հանրապետության բանակի ռազմաօդային ուժերի բոլոր բազաների մասնակցությամբ և շեշտը դնելով Էսֆահանում «Շահիդ Բաբայ», Բուշեհրում՝ «Շահիդ Յասինի», Բանդար է-Աբբասում՝ «Շահիդ Աբդոլքարիմի», Դիզֆուլում՝ «Վահդաթի» և Թավրիզում՝ «Շահիդ Ֆակուրի» ռազմաօդային օբյեկտների վրա: Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Համիդ Վահեդին պարզաբանում է տվել փորձարկված նոր զինատեսակների վերաբերյալ։ «Զորավարժությունների մարտական ​​փուլի առաջին օրը ներգրավվել են F-4 և F-5 կործանիչներ՝ հագեցած գերճշգրիտ հրթիռներով և F-7 կործանիչներ՝ հագեցած «Յասին 90» ռումբերով։ Բացի այդ, F-5 և MiG-29 կործանիչները հաջողությամբ իրական ժամանակում իրականացրել են օդային գործողություններ։ Զորավարժությունների դրվագներից մեկում պայմանական հակառակորդի կողմից արձակված հրթիռը որսացել և ոչնչացվել է Իրանի ռազմաօդային ուժերի «օդ-օդ» հրթիռներով»,- ասել է ռազմական առաջնորդը։ «Տերության երկնքի պաշտպաններ» զորավարժությունների հիմնական փուլը մեկնարկել է հոկտեմբերի 21-ին՝ մարտականին ​​ամենամոտ պայմաններում Իրանի ռազմաօդային ուժերի պարեկային և անօդաչու հարվածային համակարգերի կիրառմամբ։

Ինչպես տեսնում ենք, Իրանը շարունակում է ինտենսիվ և նպատակաուղղված նախապատրաստվել տարածաշրջանում հնարավոր ամենադրամատիկ իրադարձություններին՝ ընդհուպ մինչև «թեժ» պատերազմի։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջիզոդան զգուշացրել է, որ ցանկացած արկածախնդիր շարժում, անկախ դրա մասշտաբներից, կենթարկվի կոշտ արձագանքի։ «Մենք ջախջախիչ և անմոռանալի պատասխան կտանք մեր երկրին սպառնացող ցանկացած սպառնալիքի»,- ասել է գեներալը Իրանում օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների հետ հանդիպման ժամանակ։ «Այն երկրները, որոնք կարծում էին, որ իրենց անվտանգությունը կարող է երաշխավորվել սիոնիստական ​​ռեժիմի կողմից, մեծ սխալ են գործում»:

Բրիգադի գեներալի խոսքերում անուղղակի ակնարկ ենք տեսնում Ալիևի ֆաշիստական ​​ռեժիմի նկատմամբ։

Սերգեյ Շաքարյանց