Կարծիք Եվրոպայից. անկանխատեսելի Թուրքիայի բարձր գինը՝ մոտենում է Էրդողանի «դարաշրջանի ավարտը»

Ամբողջ աշխարհն արդեն գիտի, որ «ինչ-որ բան» է սկսել տեղի ունենալ Հյուսիսային Սիրիայում: Այսպիսով, «Մեծ Իդլիբի» գոտում գտնվող մի շարք թուրքական անցակետերի տարածքում ակտիվացել են Սիրիայի զորքերն ու իրանամետ շիա աշխարհազորայինները: Ահաբեկիչների դեմ վերջին հարձակումից հետո, երբ թուրքերը փորձել են «պաշտպանել» թուրքամետ խմբավորումներին, Թուրքիայի «հակառակորդները» (սիրիացի զինվորականները և շիա կամավորները) խոցել են առնվազն երեք թուրքական տանկ: Դրանից հետո տեղեկություններ եղան, որ միանգամից հինգ գեներալ և ստորին աստիճանի տասնյակ սպաներ սկսել են ցուցադրաբար լքել թուրքական բանակը: Բացի այդ, քուրդ պարտիզանները վերսկսել են իրենց գործողությունները թուրքերի դեմ թուրքական բանակի կողմից օկուպացված Աֆրին և Աազազ քաղաքների տարածքում: Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ մի քանի թուրք սպաներ ու զինվորներ են զոհվել: Իր հերթին, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ պատասխան գործողությունների արդյունքում ավելի քան 10 քուրդ պարտիզաններ են վերացվել:

Անկարան պնդում է, որ թուրք զինվորականները հարձակման են ենթարկվում քրդական ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների (YPG) քուրդ փեշմերգաների կողմից: Հոկտեմբերի 10-ին և 11-ին թուրքական բանակը և թուրքամետ ահաբեկիչները տասնյակ հրթիռային և հրետանային հարվածներ են հասցրել սիրիական բանակի և քրդերի դիրքերին Հալեպ և Հասսեկե նահանգներում՝ Աֆրինի շրջանի Մարանազ և Ալ-Ալքամիա գյուղերում՝ Ալ-Շեյխ Իսան Աազազի շրջանում, ինչպես նաև Թել-Թամար գյուղավանի ուղղությամբ: Հիշեցնենք, որ Թուրքիայում «ընդունված» է համարել, որ Սիրիայի քրդերի YPG-ի զինված ստորաբաժանումները՝ ենթադրաբար, Թուրքիայի «ահաբեկչական» Քրդական բանվորական կուսակցության (PKK) անբաժանելի մասն են: Թուրքիայի և սիրիական բանակի, ինչպես նաև Թուրքիայի և Սիրիայի քրդերի միջև ռազմական գործողությունների ֆոնին բավականին անսպասելի տեղեկություններ եղան… Միացյալ Նահանգները «դադարում են հասկանալ» Թուրքիային քրդական հարցում՝ Սիրիայի ներսում:

Եվ ահա հոկտեմբերի 13-ին և հաջորդող օրերին Անկարայի նյարդերը երկրորդ անգամ են տեղի տվել: Ինչպես այդ օրը գրել էր «Daily Sabah» թերթը, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Նիկարագուայի ԱԳ նախարար Դենիս Մոնկադա Կոլինդրեսի հետ մամուլի ասուլիսի ժամանակ մեղադրել է… ԱՄՆ-ին և Ռուսաստանին, թե Վաշինգտոնը և Մոսկվան իբր «ներգրավված են թուրքական ոստիկանության դեմ քրդերի հարձակումներում»: Հարց է առաջանում. «թուրքական ոստիկանության» մոտ, եթե դա իրոք ոստիկանություն է, մարտական ​​տանկերը ինչի՞ համար են: Ոստիկանությունը, ծայրահեղ դեպքում, կարող է ունենալ զրահափոխադրիչներ և թեթև սպառազինություն: Սիրիան օկուպացնում են թուրքական կանոնավոր բանակի մարտական ​​ստորաբաժանումները, և «ոստիկանություն» բառը այստեղ կիրառելի չէ, անտեղի է: Սակայն մեջբերենք Չավուշօղլուի խոսքերը. «Ռուսաստանը և ԱՄՆ-ը նույնպես պատասխանատու են Թուրքիայի դեմ ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների /Քրդական բանվորական կուսակցության/ հարձակումների համար»: Նա նաև նշել է, որ չնայած վերջին հակաթուրքական հարձակումների դատապարտմանը, Միացյալ Նահանգները շարունակում է զենք մատակարարել YPG-ի ստորաբաժանումներին, որից հետո խոստացել է, որ «Թուրքիան կմաքրի Սիրիայի հյուսիսը ահաբեկիչներից»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ավելի հեռուն է գնացել՝ հայտարարելով, որ «Թուրքիան, անշուշտ, վրեժ է լուծելու Սիրիայի քրդերից»…

Անկարայի պնդումները ԱՄՆ-ի վերաբերյալ հասկանալի են. անհասկանալի է, թե ինչու Էրդողանը, քաջ գիտակցելով, որ Միացյալ Նահանգները շարունակում է շփումները YPG-ի հետ, հենց հիմա (այն էլ՝ «հայերի նկատմամբ տարած հաղթանակից» հետո…) հիշեց, որ Վաշինգտոնը շարունակել և շարունակում է զինել և օգնել YPG-ի ստորաբաժանումներին այս կամ այն հարցում: Առավել անհասկանալի է, թե ինչ կապ ունի Ռուսաստանը այն փաստի հետ, որ ԱՄՆ-ը շարունակում է զինել և օգնել YPG-ի ստորաբաժանումներին: Ըստ ամենայնի, թուրքերը Մոսկվայից «վիրավորված» են ոչ թե քրդերի, այլ… սիրիական բանակի և իրանամետ շիա աշխարհազորայինների պատճառով։ Չէ՞ որ Ռուսաստանը ստիպված է օգնություն ցուցաբերել Սիրիային, Իրանին և շիա աշխարհազորայիններին, առնվազն այն պատճառով, որ 2015 թվականին միացել է Բաղդադի հակաահաբեկչական ռազմական տեղեկատվական կենտրոնին, որը ստեղծվել է Իրանի հովանու ներքո:

Հայաստանի քաղաքացիներին օգտակար է իմանալ, թե այս համատեքստում ինչ է գրել Թուրքիայի մասին Թուրքիայում ԵՄ նախկին ներկայացուցիչ (2006-11թթ.), այժմ «Carnegie Europe» վերլուծական կենտրոնի փորձագետ, իտալացի Մարկո Պիերինին: 2019-20 թթ. Թուրքիայի ղեկավարությունը հանդես է եկել արտաքին քաղաքական և ռազմական մի շարք նախաձեռնություններով: Բացի «Ղարաբաղում՝ Հայաստանի նկատմամբ» Ալիևի ռեժիմի հաղթանակից՝ Անկարայի ռազմական աջակցության շնորհիվ, այս նախաձեռնությունները քիչ բան են բերել թուրքերին, ընդգծում է Պիերինին: Փոխարենը, սկսած իր գործունեությունից Արևելյան Միջերկրական ծովում և Լիբիայում, մինչև Սիրիայի Իդլիբ նահանգի փակուղի և Հունաստանի սահմանից հուսահատ փախստականներին դուրս մղելու փորձերից, Անկարան հայտնվել է դիվանագիտական ​​մեկուսացման մեջ: Ընդ որում՝ շատ ավելի ընդգծված, քան երբևէ՝ Արդարություն և զարգացում կուսակցության (AKP) տասնութամյա կառավարման ընթացքում, նշում է նախկին դիվանագետը. «Տանը տնտեսությունը քայքայվում է, դատական ​​համակարգը քաղաքականացված է, և Թուրքիայի ղեկավարությունը գնալով ավելի է հեռանում ԱՄՆ-ից, ԵՄ-ից և Եվրոպայի խորհրդից՝ օրենքի գերակայության հարցով: Ի հավելումն այդ ամենի՝ ռուսական արտադրության С-400 հրթիռային համակարգերը վիճաբանության առարկա են դարձել ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ»: Այնուհետև նա մատնանշում է. «Թուրքիայում որոշ դիտորդներ համարձակվել են պարզ բացատրություն տալ այս բազմաչափ քաոսի հարցում. նրանք խոսում են «դարաշրջանի ավարտի» և Ռեջեփ Թայիփ Էրդողանից հետո պետական ​​կառույցի հստակ անցման մասին՝ 2023 թվականի հաջորդ ընտրությունների արդյունքներով: Բայց ահա մի փոքր այլ տեսակետ. Թուրքիայի ապագան կախված է նրա քաղաքական կուսակցություններից և ընտրողներից: Ցանկալին իրականի հետ շփոթելը կարող է նաև չօգնել, բայց ժողովրդավարական կայունությունը կարող է բավական լինել, եթե ընդդիմադիր ուժերը ռացիոնալ վարվեն, և մեծ թվով քաղաքացիներ հայտնվեն քվեատուփերի մոտ»: Նույնիսկ եթե նախագահ Էրդողանի ներկայիս կառավարությունը երկու տարի անց մնա իշխանության ղեկին, միևնույն է՝ կանգնելու է նույն խնդիրների առջև, կարծում է հոդվածի հեղինակը: Ընդհանուր առմամբ Թուրքիայի ապագան ծանրաբեռնված է անորոշություններով և հակասություններով: Ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական բանավեճն աննախադեպ կլինի իր վայրագությամբ: 2002-ից հետո առաջին անգամ, երբ Էրդողանի ԱԶԿ՝ Արդարություն և զարգացում կուսակցությունը եկավ իշխանության, պատասխանատվության բեռն ընկնելու է երկրի բոլոր քաղաքական կուսակցությունների և ընտրողների վրա, եզրափակում է Մարկո Պիերինին…

Սերգեյ Շաքարյանց