Դատական համակարգում այսքան մեծ գահավիժում երբեք չի եղել. Ռուբեն Մելիքյան

Տարիներ առաջ հայտնի հանրային անձերից մեկի հետ բանավիճում էինք, թե որն է  ավելի առաջնային՝ ընտրական իրավո՞ւնքը, թե արդար դատաքննության իրավունքը. Ես պնդում էի, որ առաջնայինը արդար դատաքննության իրավունքն է, որովհետև անկախ նրանից, թե ով է իշխանությունը, եթե դու ունենաս դատարան, որն իսկապես երաշխավոր է իրավական արժեքներին, քաղաքական իշխանությունները կգան-կգնան, բայց  շատ մեծ վնաս չեն կարող տալ երկրին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, «Դեպի բռնապետություն․ Հետընթաց իրավունքներից» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց Արցախի նախկին ՄԻՊ, Հայաստանի արդարադատության նախկին փոխնախարար, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

«Ես հիմա էլ շարունակում եմ համարել, որ արդար դատաքննության իրավունքը թիվ մեկ իրավունքն է: Մենք հարյուրամյակներ չենք ունեցել արդար դատարանի ավանդույթներ: Նույն Մխիթար Գոշը անընդհատ բողոքում էր ծուռ դատարաններից, մարդիկ դատարաններից դժգոհ էին մնում: Հետո արդեն խորհրդային տարիներին արդար դատարանների մասին խոսք լինել չէր կարող:

Մենք շատ հաճախ ենք ասում, որ նման վատ վիճակ երբեք չի եղել։ Եղել է։ Բայց մի ուրիշ բան չի եղել, այսքան մեծ գահավիժում երբեք չի եղել: Չի կարելի պնդել, որ օրինակ, 90-ականներին Հայաստանի դատական համակարգն ավելի լավն էր, քան այսօր։ Այդպես, չէ, բայց մենք ունեցանք շատ դինամիկ զարգացում։ Օրինակ, էլեկտրոնային մակագրման համակարգն ամբողջությամբ փոխեց այնտեղ առկա տրամաբանությունը, որակական փոփոխություն բերեց»,- ասաց Ռուբեն Մելիքյանը: