Արմեն Աշոտյանը, Կարեն Ավագյանը և Էդմոն Մարուքյանը Վիեննայում մասնակցել են ԼՂ հակամարտությանը նվիրված քննարկմանը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է․

«Վիեննայում մասնակցեցի ավստրիական ուղեղային կենտրոններից մեկի կողմից կազմակերպված` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված փակ քննարկմանը:

Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել եմ ես և ՀՀԿ-ից Արմեն Աշոտյանն ու Կարեն Ավագյանը: Ադրբեջանական կողմից ներկա էին երեք պատգամավորներ և ադրբեջանական վերլուծական կենտրոնի ներկայացուցիչներ:

Ի դեպ, քննարկմանը մասնակցում էին նաև ԵԱՀԿ, ԵՄ ներկայացուցիչներ, դեսպաններ, Ավստրիայի ՊՆ, ԱԳՆ և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ:

Քննարկումն անցավ «Չաթմ Հաուս (Chatham House)» կանոններով, և բնականաբար, մանրամասներ հայտնել չեմ կարող: Սակայն կարող եք վստահ լինել, որ հայկական կողմի տեսակետները մեր կողմից լիարժեք ներկայացվել և պաշտպանվել են, ինչպես նաև համարժեք արձագանքվել է դիմացի կողմի փաստարկներին։

Արտաքին աշխարհում մեր ազգային պետական շահերից բխող մոտեցումները հնարավոր է և անհրաժեշտ է պաշտպանել։ Անկախ ներկայիս ռազմական ուժերի դասավորությունից՝ մեր դիվանագիտական, վերլուծական, մտավոր ներուժը մրցունակ է և մարտունակ։

Մեզ հասանելի բոլոր միջազգային հարթակներն օգտագործել և օգտագործելու ենք մեր շահերն առաջ մղելու համար:

Շատ գործ ունենք անելու և անելու ենք»: