29 տարի առաջ այս օրը ճնշվեցին Մարտունին թիրախավորող թշնամու կրակակետերը
1992 թ. հոկտեմբերի 2-ին Մարտունու պաշտպանական շրջանի ստորաբաժանումները, հակահարձակման անցնելով, ճնշեցին Մարտունի քաղաքի մոտակա թշնամական կրակակետերը և ազատագրեցին ռազմավարական նշանակություն ունեցող մերձակա բարձունքը և խորհրդային իշխանության օրոք ադրբեջանցիներով բնակեցված մի շարք գյուղեր:
Գնահատելով այդ մարտական գործողության նշանակությունը՝ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ռազմական պատմաբան Մհեր Հարությունյանը մասնավորապես նշել է.
«Այդ օպերացիայի անցկացումը թելադրված էր Մարտունի շրջկենտրոնի անվտանգությունն ապահովելու և ինքնապաշտպանության ուժերի բնագծերն այս կարևոր ուղղությունում ամրապնդելու անհրաժեշտությամբ:
Դրսևորվեց նաև հայ հրամանատարների, այդ թվում՝ Մոնթե Մելքոնյանի և Համայակ Հարոյանի ռազմական մտքի տաղանդը:
Հայ ազատամարտիկների անձնվեր ու խիզախ գործողություններն առաջադրված մարտական խնդիրների ըմբռնման ու ցանկացած գնով լուծելու պատրաստակամության վկայությունն էին»:
Ռազմական պատմաբանի խոսքով՝ Մարտունու պաշտպանները, շարունակելով մարտական լավագույն ավանդույթները, 2020թ. աշնանային պատերազմում անվեհեր կերպով դիմակայեցին թշնամու մեծաքանակ ուժերի չդադարող հարձակումները և անառիկ պահեցին Մարտունի քաղաքը: