Վրաստանում հայտարարել են, որ Սահակաշվիլին փորձում էր պետական հեղաշրջում իրականացնել

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաhակաշվիլին ծրագրում էր հանրապետությունում պետական հեղաշրջում իրականացնել, հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Նա Վրաստան է եկել հեղաշրջում իրականացնելու և երկրում անկարգություններ սկսելու իր սպառնալիքներն իրականացնելու համար: Ըստ այդմ, իրավապահ մարմինները ձեռնարկել են բոլոր միջոցները՝ կանխելու նրա նոր հանցագործությունը», – լրագրողներին ասել է Կոբախիձեն:

Ուրբաթ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ Սաակաշվիլուն ձերբակալել են հայրենիքում: Մինչ այդ, նախկին նախագահն ասել էր, որ մտադիր է վերադառնալ հայրենիք տեղական ինքնակառավարման մարմինների կայանալիք ընտրություններին:

Վրաստանում նա գտնվում էր ներքին հետախուզման մեջ, անցնում է մի քանի քրեական գործով, և իշխանությունների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ նրան կձերբակալեն սահմանը հատելուն պես: Սահակաշվիլին հեռակա կարգով դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանու սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլու ծեծի համար: Առաջին գործով նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, մյուսով`վեց: Բացի դրանից, Սահակաշվիլին անցնում է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության ցույցը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդերի և պետական բյուջեից միջոցների յուրացման գործերով: Բոլոր դատարանները շարունակում են քննել դրանք: