Խուզարկել են Դավիթ Տոնոյանի բնակարանը. նրան ձերբակալել են. «Հրապարակ»

Այս պահին խուզարկում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի բնակարանը. գրում է «Հրապարակը»:

Տոնոյանին, ըստ երևույթին, կձերբակալեն և մեղադրանք կառաջադրեն: Ըստ թերթի` զուգահեռ խուզարկություններ են ընթանում ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի, Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի բնակարաններում:

Ստեփան Գալստյանին ևս հրավիրել են ԱԱԾ: Հաջորդը կայցելեն Յուրի Խաչատուրովին և Սեյրան Օհանյանին:

Ըստ ամենայնի, այս գործողություններն իրականացվում են ԱԱԾ-ում քննվող զենքի մատակարարման պայմանագրերի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Քիչ առաջ մենք տեղեկություն ստացանք, որ Տոնոյանին ձերբակալել են, և շուտով նախաքննական մարմինը Տոնոյանին կալանավորելու միջնորդությամբ կմտնի դատարան։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն սեպտեմբերի 25-ին հայտնել էր, որ ՀՀ զինված ուժերի ավիացիայի նախկին պետը ձերբակալված է նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։ Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։

Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ: