Մարզպետ ունենք, որն արդեն երկու տարի է՝ մարզպետ է ու իմ գյուղի՝ Շենավանի ճանապարհը չգիտի․ խաղողագործ

Արմավիրի մարզի խաղողագործները, որոնք այսօր՝ սեպտեմբերի 23-ին, բողոքի ակցիա էին կազմակերպել Կառավարության շենքի առջև, բողոքում են խաղողի մթերման գնից։

«Խաղողագործը դեռ մարտ-ապրիլ ամսին պետք է իմանա, թե ինչ ծավալի խաղող է հանձնելու, որ գործարարանին է հանձնելու և ինչ գնով։ Այս տարի փոթորկի նախանշան չկար, ամեն ինչ նորմալ էր։ Ապրիլին կոնյակի գործարանը հայտարարեց մթերման ծավալները, գինն էլ հայտարարեց ցածր՝ 115 դրամ, բայց դրանից հետո խաղողի գինը պետք է աճեր՝ հաշվի առնելով պետական ինֆլացիան պետության վիճակագրական վարչության կողմից ընդունված։ Ինֆլացիան երեք տարիների ընթացքում կազմել է 5-6 տոկոս։ Եթե 2018 թվականին խաղողն ընդունվել է 140 դրամով, ապա հիմա պետք է ընդունվեր 170-ից 180 դրամով»,- նշեց խաղողագործներից մեկը։

«Կառավարությունը նախօրոք պետք է պարզեր իր հարաբերությունները խոշոր մթերողների հետ, որպեսզի այսօր նման խնդիր չառաջանար։ Մտել ենք փոխնախարարի մոտ, խաղողը արդեն փչանում է, ինքը ասում է՝ նոր բանակցություններ ենք վարում` 1000 տ խաղողի մթերման շուրջ։ Մեզ ասում է՝ կորոնավիրուսի, պատերազմի պատճառով սպառման խնդիր ենք ունեցել, բայց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի տվյալներով՝ գինու արտահանման ծավալներն աճել են 40-50 %-ով, կոնյակինը՝ 15-20, օղու ծավալները` 2.5 անգամ ավելի։ Սրանք մենակ ստից լացել են սովորել, մենք ասում ենք՝ 30 հազար տոննայի բաց կա, իրենք խոսում են 1000 տ մթերման մասին»,- ասաց խաղողագործը։

Գյուղացիները պնդում են, որ միայն «Նոյ» գործարանի բացումից հետո հարցը կարող է լուծվել։ Նրանց խոսքով, Գագիկ Ծառուկյանին պատկանող «Նոյ» գործարանի հետ ունեցել են 15 տարվա պայմանագիր, ըստ որի՝ պետք խաղողը վաճառեն 150 դրամով, սակայն վերջին պահին իմացել են, որ ինքը չի մթերում։

««Պռոշյան» գործարանը սկզբում խաղողն ընդունում էր 115 դրամով։ Պապիկյանը եկավ «տղամարդլամիշ» եղավ, որ պետք է 130-ով ընդունել, մի քանի օր հետո 10 տոկոսով իջեցրին գինը` պատճառաբանելով, որ փչացած է։ Մեզ մենակ են թողել վերամշակողի հետ։ Բերքը փչանում է, հիմա պետք է մթերված լիներ։ Մենք ուզում ենք հասկանալ, որ սրանք քաղաքականապես ամուլ չեն, որ իրենց գործողություններից արդյունք է ծնվում, ուզում ենք հասկանալ՝ կանգնա՞ծ են մեր կողքին»,– նշեց գյուղացին։

«Մարզպետ ունենք, որն արդեն երկու տարի է՝ մարզպետ է ու իմ գյուղի՝ Շենավանի ճանապարհը չգիտի։ Այդ մարդը չգիտի՝ խաղողը վազի վրա է աճում, թե ձմերուկի նման ցանում են։ Բա երկու տարի ժամանակ ուներ, մի օր չմտնե՞ր մարզ մեր դարդերն իմանա»,- հավելեց խաղողագործը։