Իրանը ՇՀԿ-ի լիիրավ և մշտական անդամ է

2021 թվականի սեպտեմբերի Դուշանբեն կհիշվի ամբողջ աշխարհի կողմից, սակայն այլ պատճառով: Ընդհանրապես, Տաջիկստանի մայրաքաղաքը  նոր կենտրոն է դառնում ԱՊՀ տարածքում: Երկու պատճառներով՝ 1) Աֆղանստանից ՆԱՏՕ-ի փախուստից հետո այստեղ կլինի նոր կենտրոնը, ընդ որում՝ շատ ոլորտների կենտրոնը, սկսած հակաահաբեկչական կոլեկտիվ պայքարից, ինչը նշանակում է, որ Դուշանբեն կդառնա նշանակությամբ երկրորդ՝ ՀԱՊԿ-ի և ԱՊՀ երկրների հակաահաբեկչական կենտրոնը: 2) Դուշանբեում 2021 թվականի սեպտեմբերին տեղի է ունեցել Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովը, որտեղ սեպտեմբերի 17-ին Իրանը դարձել է ՇՀԿ-ի լիիրավ անդամ: Չինաստանը ջերմորեն ողջունել է Իրանի մշտական ​​անդամակցությունը ՇՀԿ-ին, ինչպես ասել է Չինաստանի արտգործնախարար Վան Յին՝ Դուշանբեում իրանցի իր գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հետ հանդիպման ժամանակ:

Այս համաշխարհային մասշտաբի իրադարձության կապակցությամբ, սեպտեմբերի 19-ին, Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսին, ելույթ ունենալով կառավարության նիստում, կոչ  է արել բոլոր նախարարություններին՝ գտնել ՇՀԿ-ի հետ համագործակցության հնարավորությունները: Նա հայտարարել է, որ տարածաշրջանի և հարևան երկրների հետ համապարփակ հարաբերությունների ընդլայնումն ու հաստատումը իր կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթությունն է: Ինչպես ասել է նախագահ Ռաիսին, «այսօր ոչ միայն արտաքին գործերի նախարարությանը, այլև բոլոր նախարարություններին տրվել է հրահանգ՝ առավելագույնս օգտագործել երկրի տնտեսությունը բարելավելու համար ստեղծված հնարավորությունները»: Նա ավելացրել է, որ ՇՀԿ անդամ բոլոր ղեկավարներն ու նախագահները պատրաստակամություն են հայտնել ամրապնդելու և խորացնելու իրենց համագործակցությունը Իրանի հետ բոլոր ոլորտներում: Նախագահ Ռաիսին իր խոսքում մատնանշել է իր հանդիպումները Տաջիկստանի և այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ ՇՀԿ վերջին գագաթնաժողովի շրջանակում:

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Բաղերին սեպտեմբերի 19-ին հայտարարել է, որ Իրանն այժմ կընդլայնի իր ռազմական հարաբերությունները ՇՀԿ-ի հետ: Գեներալ Բաղերին Իրանի մշտական ​​անդամակցությունը ՇՀԿ-ին որակել է որպես մեծ և չափազանց կարևոր իրադարձություն՝ հայտարարելով. «ՇՀԿ-ը ներառում է Ասիայի մեծ մասը և աշխարհի բնակչության և հարստության ավելի քան 40%-ը: Այս դաշնագիրը ներառում է նաև խոշոր արդյունաբերական ու ռազմական տերություններ, և կազմակերպության անդամները հավատարիմ են միմյանց»: Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նաև ասել է. «Համաձայնագրին Իրանի մշտական ​​անդամակցությունը, որը ձեռք է բերվել՝ չնայած ԱՄՆ-ի և Եվրոպայի հակազդեցությանը, ուրախալի և մեծ ձեռքբերում է և, անշուշտ, դրական ազդեցություն կունենա երկրի և իրանական ազգի դեմ սպառնալիքները հետ մղելու համար: Իհարկե, Իրանի ռազմական հարաբերությունները Շանհայի համաձայնագրին մասնակից երկրների հետ կշարունակվեն զարգանալ և ամրապնդվել»:

Այսպիսով, 2021 թվականի սեպտեմբերի 17-ը վերածվում է Եվրասիայի և ամբողջ աշխարհի պատմության նորագույն էջի: Այսուհետ Չինաստանն ու Ռուսաստանը Իրանի հետ կապված են փաստաթղթերի շատ լայն ու լուրջ ցանկով, որոնք Եվրասիայի և աշխարհի երեք առաջատար տերություններին պարտավորեցնում են լիակատար և անվերապահ փոխգործակցության: Ցավալի է, որ այսօրվա Հայաստանը, նախ, չի ձգտում ՇՀԿ-ին լիարժեք և մշտական ​​անդամակցության, և երկրորդ՝ այն անցնում է «թուրքերի ձեռքը». այն թուրքերի, որոնք, առնվազն, եթե թշնամի չեն, ապա Չինաստանի, Իրանի և Ռուսաստանի մրցակիցներ են: Ով էլ աջակցի թուրքերին, նրանց երաշխավորված կլինի պատմական ռազմավարական կործանարար պարտություն, եթե թուրքերը շարունակեն եվրոատլանտիզմի և նեոօսմանիզմի հակամարդկային ընթացքը: Բախումն այժմ անխուսափելի է դարձել…

Սերգեյ Շաքարյանց