ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հրաժարվել է մասնակցել Անկախության տոնի «գունագեղ» միջոցառմանը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հրաժարվել է մասնակցել Անկախության 30-ամյակի առթիվ կազմակերպվող «գունագեղ» միջոցառմանը։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

Նրա խոսքով` ԱԺ բոլոր պատգամավորները ստացել են միջոցառմանը մասնակցելու հրավեր, սակայն իրենց համար անընդունելի է «գունագեղ» որակված միջոցառմանը մասնակցել այն դեպքում, երբ հայ գերիներ կան Ադրբեջանում, շատ տղաներ համարվում են անհետ կորած, շատերի մասունքներն էլ դեռ հողին հանձնված չեն։

«Երբ մեր պետության համար նման ողբերգական տարուց հետո կապիտուլյանտ  վարչակարգը շարունակում է իր հակահայ գործունեությունը, մեր խմբակցության պատգամավորները տոնելու որևէ առիթ չեն տեսնում»,- նշեց Հայկ Մամիջանյանը։