Ադրբեջանը քանդում է հայկական գերեզմաններն ու քարերն օգտագործում որպես շինանյութ․ Արցախի ՄԻՊ

«Եթե Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ մշակութային կառույցների կողմից լուրջ և թիրախային քայլեր չձեռնարկվեն, ապա կարճ ժամանակում հայկական եկեղեցիներից ջնջվելու են դրանց պատմությունը հաստատող հայերեն արձանագրությունները»,-Մայր աթոռ սուրբ Էջմիածնում ընթացող «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով  համաժողովի ժամանակ այսօր հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Նա շեշտեց, որ տեւական ժամանակ է՝ Ադրբեջանը խոչընդոտում է հայ ուխտավորների մուտքը Դադիվանք, և դա մեկ օրինակն է՝ կրոնական ազատության հանդեպ Ադրբեջանի վերաբերմունքի մասին։

«Տարբեր աղբյուրների տեղեկությունները վկայում են նաեւ, որ օկուպացված տարածքներում Ադրբեջանը հիմնահատակ քանդում է հայկական գերեզմանատները եւ գերեզմանաքարերն օգտագործում որպես շինանյութ։ Ամենադաժան կերպով պղծվում են հայրենական մեծ պատերազմի մասնակիցների եւ արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողները»,-հավելեց Գեղամ Ստեփանյանը։