ՀՀ անկախության 30-ամյակը կնշվի մասշտաբային և գունագեղ տոնակատարությամբ․ կլինեն 4 անընդմեջ ոչ աշխատանքային օրեր

Կառավարությունն այսօրվա՝ սեպտեմբերի 8-ի նիստում որոշեց 2021 թվականի սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը տեղափոխել 2021 թվականի սեպտեմբերի 25-ին` շաբաթ օրը: Նախագիծը ներկայացրեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և նշեց, որ աշխատանքային օրվա փոփոխությունը պայմանավորված է ՀՀ անկախության 30-ամյակի առիթով քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ։

Նիկոլ Փաշինյանը խոսելով նախագծի մասին ասաց․ «Մեզ հայտնի հանգամանքների բերումով մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց մենք որոշում ենք կայացրել, որ ՀՀ անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձևով նշվի, և սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն, և այդ տոնակատարությունը առաջին հերթին նվիրված է լինելու ՀՀ անկախության, ինքնիշխանության, անվտանգության և Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին: Այս փոփոխությունը արված է նրա համար, որ 4 անընդմեջ ոչ աշխատանքային օրեր լինեն»։