Ջուր կամ սնունդ տրամադրել են բացառապես նվաստացումներից կամ դաժան ծեծից հետո. ՄԻՊ-ը՝ Ադրբեջանում գերիների պահման պայմանների մասին

Թե՛ զինծառայողները և թե՛ քաղաքացիական անձինք համատարած ենթարկվել են համակարգային խոշտանգման: Այս մասին Ադրբեջանում գտնվող հայ գերիների իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույցը Արմենիա Մարիոթ հյուրանոցում հրավիրված ասուլիսում ներկայացնելիս հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ հավելելով, որ խոսքը ոչ միայն ֆիզիկական տառապանք պատճառելու մասին է, այլև՝ հոգեկան։

«Ըստ փաստերի՝ պատժի են ենթարկվել ադրբեջանական այն զինծառայողները, հատուկ ծառայությունների, բանտի աշխատողները, ովքեր նույնիսկ փորձել են մի փոքր լավ վերաբերվել ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց։ Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ մարդկանց զրկել են ջրից կամ սննդից։ Ջուր կամ սնունդ տրամադրել են բացառապես նվաստացումներից կամ դաժան ծեծից հետո։ Օրինակ՝ եղել են դեպքեր՝ սնունդը գցել են գետնին և ստիպել են ուտել գետնից, հետո գերուն պահելով սոված վիճակում, այդ սնունդը գցել են աղբարկղի մեջ։ Մի քանի դեպք էլ է եղել, երբ ընդամենը 10 վայրկյան են տվել ուտելու, 10 վայրկյան հետո նետել են աղբարկղը։ Եղել են դեպքեր, որ թքել են սննդի մեջ և ստիպել են ուտել այն», – մանրամասնեց Արման Թաթոյանը։

ՄԻՊ-ի խոսքով՝ եղել են դեպքեր, երբ ձմռանը գերու ձեռքերը կապած, երբեմն նաև մերկ վիճակում ստիպել են քնել գետնին, պատուհանները բացել են, սառը ջուր են լցրել գերու վրա, որպեսզի ցրտից ավելի  տառապի։

«Շատ դաժան են վերաբերվել բժշկական հետազոտությունների ժամանակ։ Ստիպել են ուղղակի տանել ցավը և հաճախ ծեծն ու խոշտանգումը եղել է հենց վերքի վրա խփելով։ Ստիպել են հաճախ, որ մարդիկ բժշկական օգնություն կամ սնունդ աղաչեն, դրանից հետո միայն տրամադրել են այն։ Գերիները գրեթե զրկված են եղել հիգիենիկ միջոցներից», – մանրամասնեց ՄԻՊ-ը։

«Հատկապես զազրելի է այն դեպքերը, երբ մարդկանց խոշտանգել են հանրության առաջ, օրինակ՝ հիվանդանոցներում։ Անցնող դառնողները, օրինակ՝ բուժառուները, թքել են հայ գերիների վրա, և դա տեղի է ունեցել Ադրբեջանի հատուկ ծառայողի ներկայությամբ», – տեղեկացրեց Թաթոյանը՝ նշելով, որ նույնիսկ բժիշկներն են գերիների նկատմամբ բռնություն գործադրել։

Ըստ նրա՝առանձնազրույցների ընթացքում գերիները ներկայացրել են, որ ադրբեջանցիները հենց իմացել են Կարմիր խաչի կամ ռուս զինվորականների այցի մասին, սկսել են նորմալ վերաբերվել և առանձնազրույցի են ներկայացրել այն մարդկանց, ում նախապես պատրաստել են դրան, այցին ընդառաջ եղել են նաև դեպքեր, երբ առանձին գերիների պահել են նկուղային հարկերում, կամ այլ վայրերում, որպեսզի նրանց չտեսնեն։

«Հատուկ դաժան են վերաբերվել տեղեկություններ ստանալու համար, ընդ որում՝ ոչ թե իրական, այլ ցանկալի տեղեկություններ, այն, ինչ ցանկանում են ադրբեջանական զինված ուժերը, իշխանությունները։ Անձնական բնույթի տեղեկություններ են ցանկացել ստանալ ընտանիքի վերաբերյալ,  պարտադրել են ստորագրել ադրբեջանական լեզվով թղթեր։ Ծաղրելով, թքելով, ազգային արժանապատվությունը ոտնահարելով՝ ստիպել են Ադրբեջանի նախագահին գովերգող հայտարարություններ անեն»,-ասաց նա։