Ես լուրջ տարաձայնություններ ունեմ իշխանությունների հետ, բայց դա էսօր ամենակարևոր հարցը չէ․ Արկադի Ղուկասյան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը` սեպտեմբերի 2-ը, Արցախում նշվեց բավականին անշուք՝ մի տեսակ վախվորած ու զգուշավոր։ Հրապարակային միջոցառումներ չեղան, միայն ԱԺ-ն հանդիսավոր համատեղ նիստ արեց ՀՀ ԱԺ խորհրդարանականների մասնակցությամբ։

Օրվա թեմայով զրուցել ենք Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի հետ, որը մասնակցում էր Ստեփանակերտում ՀՅԴ Հայ դատի գրասենյակի բացման արարողությանը:

Պարոն Ղուկասյան, այսօր Արցախի Հանրապետության օրը մենք, ցավալիորեն, նշում ենք վիրավոր ու բզկտված Արցախում: Դուք ի՞նչ խոսք ունեք ասելու օրվա կապակցությամբ:

– Մենք պարտավոր ենք ապրել և հաղթահարել: Ես ցանկանում եմ մեր ժողովրդին համբերություն և ուժ: Վստահ եմ` մենք կգտնենք այդ ուժը, մենք իրավունք չունենք հիասթափվելու: Իհարկե, հիմա մի քիչ այլ իրավիճակ է, մենք լիովին խոցված ենք, բայց ես վստահ եմ` մենք այդ ուժը կգտնենք:

Ինչպե՞ս պետք է այդ ուժը գտնենք, խոսվում է միասնականության մասին, բայց մենք տեսանք, որ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն Արցախ չի այցելել և այսօր այստեղ արցախցիների կողքին չէ:

– Գիտե՞ք, մի բան է` խոսել միասնականությունից, լոզունգներ ասել, մի բան է` իրականացնել: Քանի մենք լոզունգներ ենք ասում, մենք դատապարտված ենք: Բայց ես վստահ եմ, որ մենք մեր մեջ ուժ կգտնենք, որ մոռանանք բոլոր տարաձայնությունները և կենտրոնանանք այն խնդիրների վրա, որոնք այսօր ծառացած են մեր առջեւ:

– Այսօր Արցախի հարցում առաջնային խնդիրն Արցախի անկախության ճանաչման և արցախցիների ինքնորոշման հարցն է: Ի՞նչ եք կարծում, այսօր հնարավո՞ր է գործընթացներն այնպես տանել, որ այդ հարցը համահայկական օրակարգում դարձյալ մղվի առաջին պլան:

– Եթե հիմարություններ չանենք, ապուշություններ չանենք, եթե խելացի քաղաքականություն վարենք, ես ենթադրում եմ, որ մենք ի վիճակի ենք լուծել այդ խնդիրը: Բայց, նորից եմ կրկնում, մենք պետք է մեր մեջ ուժ գտնենք, որպեսզի վերականգնենք մեր բարոյահոգեբանական այն իրավիճակը, որ մեզ հնարավորություն կտա հասնել մեր նպատակին:

Ըստ Ձեզ` Հայաստանի և Արցախի գործող իշխանությունների գոյությամբ և մասնակցությամբ հնարավո՞ր է հասնել Արցախի ճանաչմանը կամ հետ բերել մեր կորցրածը:

– Տեսեք, ես լուրջ տարաձայնություններ ունեմ իշխանությունների հետ, բայց ընդունում եմ, որ դա էսօր ամենակարևոր հարցը չէ: Ամենակարևորն այն է, որ ես տեսնեմ` բոլորն իրենց ուժերը կենտրոնացնում են մեր հայրենիքի ամենակարեւոր խնդիրների վրա:

Իսկ Դուք դա տեսնո՞ւմ եք, թե՞ դեռ չեն երևում նշույլներ:

– Ինձ թվում է` քիչ բան է դա նշանակում` տեսնել կամ չտեսնել: Իշխանություններն էսօր կան, վաղը չկան: Դա վերաբերում է ցանկացած իշխանության: Կարևորը` մենք իրականության մեջ տեսնենք այդ միասնությունը:

– Նախկինում, երբ Ալիևը տարածքային նկրտումներ էր ցուցաբերում Արցախի կամ Հայաստանի նկատմամբ, թե՛ Արցախի, թե Հայաստանի իշխանությունների կողմից շատ կոշտ արձագանք էր լինում, և անմիջապես լռեցնում էին Ալիևին: Իսկ հիմա Ալիևը ոչ միայն Արցախն է իրենը համարում, այլև արդեն Հայաստանի վրա է ֆիզիկապես և խոսքով հարձակվում, և նրան ոչ մի արձագանք:

– Ձեր այդ հարցն ուղղեք իշխանություններին. ես համամիտ եմ:

 – Իսկ ինչո՞վ է պայմանավորված, որ չեն արձագանքում, վախեցա՞ծ են Ալիևից:

– Չեմ կարող ասել: Ես համարում եմ, որ դա անհասկանալի է:

Ի դեպ, Ալիևը հայտարարել էր, որ արգելում է Հայաստանի իշխանություններին այցելել Արցախ: Գուցե դա՞ է պատճառը, որ Հայաստանի իշխանությունները չէին եկել Արցախ:

– Ես չգիտեմ, ես այդպիսի ինֆորմացիա չունեմ: Եթե Ալիևն է թույլ տալիս, ուրեմն ձեզ էլ պիտի թույլ չտային: Ալիևի ասածները չպիտի մեզ համար նշանակություն ունենան: Էսօր մենք էն վիճակում չենք, որ կարողանանք ինքնուրույն մեր հարցերը լուծել: Բայց եթե մենք` ինքներս, չենք պայքարում, ոչ մեկը մեզ չի օգնելու:

Ի դեպ, թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ հիմա նաև Ալիևը հայտարարում են, որ Արցախում ներդրումներ չեն արվել, Փաշինյանն ասում էր, թե Շուշին դժբախտ և դժգույն քաղաք էր: Չե՞ն արվել ներդրումներ Արցախում, իսկապե՞ս ոչ մի բան չի կառուցվել:

– Դուք ո՞նց եք պատկերացնում, ո՞նց կարող էին ներդրումներ չլինել: Հիմա ամեն մեկը դատում է իր տեսակետից, ես չեմ կարող դատավոր լինել և գնահատական տալ: Հիմա, մարդու կարծիք է, ինքն այդպես է մտածում, իր պրոբլեմն է» ։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։