Հայտնի է Աֆղանստանի նոր կառավարության ղեկավարը. Reuters

«Թալիբան» ծայրահեղական շարժման քաղաքական թևի առաջնորդ մուլլա Աբդուլ Ղանի Բարադարը կգլխավորի Աֆղանստանի նոր կառավարությունը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին:

Աղբյուրի տվյալներով՝ նոր կառավարության կազմում կընդգրկվեն նաև մուլլա Յակուբը (թալիբների առաջին առաջնորդ, մուլլա Օմարի որդին) և Դոհայում ծայրահեղականների ներկայացուցիչ Շեր Մոհամմադ Աբբասը Ստանեքզայը:

Երկու օր առաջ TOLOnews հեռուստաալիքը, վկայակոչելով իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ կառավարությունը կգլխավորի «Թալիբանի» առաջնորդ մուլլա Հիբաթուլլահ Ախունդզադան:

Հիշեցնենք, որ թալիբներն իրենց առաջխաղացումն ակտիվացրել էին ամերիկյան զորքերի՝ Աֆղանստանից դուրսբերմանը զուգահեռ: Վերջիններս օգոստոսի 15-ին մտել էին մայրաքաղաք Քաբուլ, որից հետո երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հեռացել էր երկրից: Թալիբները հայտարարել էին, որ երկրի կառավարման համար 12 անձից բաղկացած խորհուրդ են կազմելու: