Ամուր, ինքնիշխան պետականություն ունենալու մեր կամքն անսասան է. վարչապետի ուղերձը Անկախության հռչակագրի ընդունման առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակի կապակցությամբ։

Ուղերձում ասվում է.

«Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր լրանում է Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակը: Մեր պետության ու ժողովրդի համար պատմական այդ փաստաթուղթը, որն ընդունվեց Գերագույն խորհրդի կողմից, ազդարարեց անկախ պետականության հաստատման գործընթացի մեկնարկը: Այդ փաստաթուղթը հիմնված էր անկախ պետություն ունենալու հայ ժողովրդի անկոտրում կամքի վրա:

Անցած երեք տասնամյակների ընթացքում մենք անցել ենք բազում փորձությունների միջով, ունեցել ենք հաջողություններ, նաեւ դժվարություններ ու ձախողումներ: Ու կարեւոր է ընդգծել, որ  ամուր եւ ինքնիշխան պետականություն ունենալու մեր կամքն անսասան է եւ այդ կամքը պիտի արտահայտվի պետությունը եւ պետական ինստիտուտները կայացնելու, ուժեղացնելու մեր ամենօրյա աշխատանքում:

Մենք Անկախության հռչակագիրն ընդունած սերնդի ներկայացուցիչն ենք, եւ սա պատմական առաքելություն է մեզ համար՝ հաղթահարել մարտահրավերները, ամրացնել մեր պետականության հիմքերը, բարձրացնել նրա միջազգային հեղինակությունը, մեծացնել ներդրումային գրավչությունը, կերտել անսասան քաղաքացիական պատասխանատվություն ու վստահություն՝ պետության հանդեպ: Այս առաքելությունը մեզնից յուրաքանչյուրի վրա դնում է առանձնահատուկ պատասխանատվություն:

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Անկախության հռչակագրի 31-ամյակի կապակցությամբ»։