Թալիբանը Ահմադ Մասուդին 4 ժամ է տվել զինված պայքարից հրաժարվելու և բանակցություններ սկսելու համար․ իրանագետ

Աֆղանստանը, լինելով ահռելի բնական հարստության տեր պետություն և գտնվելով միջազգային տարանցման ուղիների խաչմերուկում, տասնամյակներ շարունակ վերածվել է տարածաշրջանային և արտատարածաշրջանային մեծ տերությունների մրցակցության թատերաբեմի։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել իրանագետ Գարիկ Միսակյանը։

«Ներկա պահին էլ՝ Թալիբանի իշխանության գալուց հետո, այդ պայքարը նոր փուլ է մտել։ Տարածաշրջանի գլխավոր խաղացողներից Չինաստանը, Պակիստանը, Ռուսաստանը, Թուրքիան , արաբական մի շարք պետություններ և որոշ չափով Իրանը, արդեն, կարծես թե երկխոսություն են սկսել թալիբների հետ՝ փորձելով ԱՄՆ դուրս գալուց հետո մեծացնել իրանց ազդեցությունը ռազմավարական այս կարևոր պետությունում։

Ահմադ Մասուդի և Ամրուլլահ Սալեհի կողմից վերակենդանացված «Հյուսիսային դաշինքն» էլ իր հերթին, դաշնակիցների փնտրտուքների մեջ է՝ թալիբներին դիմադրություն ցույց տալու համար։ Մասուդին և նրա կողմնակիցներին կարծես թե բացահայտ աջակցում է Հնդկաստանը, որը Պակիստանի և Չինաստանի հետ աշխարհաքաղաքական խնդիր ունի լուծելու։ Դատելով այն հանգամանքից, որ Ա․ Մասուդի ջերմ հարաբերություններ ունի ֆրանսիացի հայտնի հասարակական և քաղաքական գործիչ Բերնար-Անրի Լուիսի հետ և անձնական հանդիպում է ուեցել Էմանուել Մակրոնի հետ, ապա Եվրոպական որոշ պետություններ, կարծես հովանավորում են այս դաշինքի պայքարը թալիբների դեմ։

Իրանն էլ, չնայած հայտարարում է թալիբների հետ երկխոսելու պատրաստակամության մասին, այնուամենայինիվ, լրատվական դաշտում բավական լուրջ աջակցություն է ցուցաբերում Ահմադ Մասուդի ղեկավարծ դաշինքին, նաև փորձում է խաղարկել իր գաղափարական ազդեցության տակ գտնվող մյուս ցեղերին՝ թալիբների համար երկարաժամկետ գլխացավանք ստեղծելու նպատակով։

ԱՄՆ-ն էլ իր հերթին, դուրս հանելով իր զորքերը Աֆղանստանից, թալիբներին է թողել մեծ քանակությամբ զինամթերք՝ փորձելով կառավարելի քաոս ստեղծել իր հակառակորդներ Իրանի, Չինաստանի և ՀԱՊԿ սահմաններին։

Հ․Գ․ Աֆղանական սոցիալական ցանցերում ակտիվ տարածվում է տեղեկատվություն, որ Թալիբանը Ահմադ Մասուդին 4 ժամ է տվել զինված պայքարից հրաժարվելու և բանակցություններ սկսելու համար»,- գրել է Միսակյանը։