Աֆղանստանում դիմակայության առաջնորդը հրաժարվում է հանձնվել․ հարյուրավոր թալիբներ ուղղվում են Փանջշեր

«Թալիբան» շարժումը հայտարարել է, որ իր գրոհայինները շարժվում են իրենց վերահսկողության տակ չգտնվող միակ նահանգի՝ Փանջշերի ուղղությամբ, որը գտնվում է մայրաքաղաք Քաբուլից հյուսիս-արևելք։

«Իսլամական էմիրության հարյուրավոր մոջահեդներ ուղղվում են Փանջշեր նահանգ՝ դրա նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար, դա այն բանից հետո, երբ տեղի պաշտոնատար անձինք հրաժարվել են նահանգը խաղաղ հանձնել»,-թալիբների ներկայացուցչի խոսքերն է մեջբերում France Presse-ը։

Հաղորդվում է, որ թալիբները հրամանի են սպասում՝ հարձակում սկսելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ արմատական շարժումը հանձնվելու համար 4 ժամ է տվել Փանջշերի դիմակայության առաջնորդ Ահմադ Մասուդին։

Մասուդը 2001 թվականին զոհված հակաթալիբանական «Հյուսիսային դաշինքի» առաջնորդ Ահմադ Շահ Մասուդի որդին է։

Ի պատասխան վերջնագրի՝ նա հայտարարել է, որ նահանգի բնակիչները պատրաստ են պաշտպանել այն և չեն պատրաստվում հանձնել Փանջշերը։ Մասուդի խոսքով՝ ինքն ու իր կողմնակիցները ցանկանում են ավարտել պատերազմը և ձգտում են երկխոսության, իսկ «Թալիբանը» երկար չի ձգի, եթե չփոխի իր քաղաքականությունը։ Մասուդը հաստատել է նաև արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունն այն մասին, որ իր ղեկավարության ներքո տեղի տաջկական աշխահազորից բացի, այնտեղ կան զինվորականներ, այդ թվում հատուկ ստորաբաժանումների մարտիկներ, ովքեր զենքով ժամանել են երկրի այլ շրջաններից։