Թալիբանի խնդիրներն ապագա Աֆղանստանում․ Ահարոն Վարդանյան

Իրանագետ Ահարոն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է՝ որոնք են «Թալիբանի» խնդիրներն ապագա Աֆղանստանում։

Վարդանյանի գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Թալիբանի խնդիրներն ապագա Աֆղանստանում

Թալիբանը, Աֆղանստանում գալով իշխանության, բախվելու է մի շարք խնդիրների։ Դրանցից երկուսը փորձեմ հնարավորինս հակիրճ ներկայացնել ձեր ուշադրությանը.

1) Համաաֆղանական իշխանության դառնալու խնդիր։

Թալիբանն, եթե ուզում է, Աֆղանստանի լիիրավ ու ամբողջական իշխանության հասնել, ապա պետք է դառնա ոչ թե միայն մի հատվածի իշխանություն, այլ՝ Աֆղանստնում առկա էթնիկական ողջ հատվածի, ինչը բավականին դժվար է, եթե ոչ անհնարին, հաշվի առնելով ինչպես միջցեղային խնդիրներն, այնպես էլ՝ կրոնական ու գաղափարախոսական։

2) Կադրային դիֆիցիտ։

Ենթադրենք ինչ-որ մի հրաշքով կամ դեպքերի տարօրինակ զարգացումով և բազմաթիվ այլ դրական համընկնումներով Թալիբանը կարողանում է դառնալ համաաֆղանական իշխանություն, այստեղ էլ բախվում է կադրային խնդրին։ Բանն այն է, որ տեղում, ինչպես ընդունված է ասել, հողի վրա, նրանք չունեն համապատասխան կադրեր, որոնք կկարողանան կառավարել, դիցուք, Հերաթի շրջանը։ Այս դեպքում թալիբները ստիպված են լինելու դիմել տեղի կադրերի օգնությանը, որոնք էլ արդեն կարող են լուրջ խնդիր դառնալ վերջիններիս համար և որոշ ժամանակ անց դուրս գալ նրանց վերահսկողությունից։

Խնդիրները բազմաթիվ են՝ սկսած աշխարհաքաղաքականից, վերջացրած սոցիալ-տնտեսականով»։