ԱՄՆ-ում առաջարկել են Բայդենի նկատմամբ 3 իմփիչմենթ հայտարարել

Հայտնի կոնգրեսական Մարջորի Թեյլոր Գրինն առաջարկել է կոնգրեսին 3 իմփիչմենթ հայտարարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նկատմամբ, այդ թվում՝ Աֆղանստանում ստեղծված իրադրության համար։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Ջորջիա նահանգը ներկայացնող կին հանրապետականը հայտնել է, որ կոնգրեսի դիտարկմանն է ներկայացրել Բայդենին իշխանությունից հեռացնելու բանաձևերի նախագծեր։ Նա նշում է, որ Բայդենը «Թալիբան» ահաբեկչական իշխանության ներքո է թողել 10 հազար ամերիկացու։

Գրինը նաև համոզում է, որ Բայդենը խախտել է միգրացիոն օրենսդրությունը՝ ԱՄՆ հարավային սահմանին թույլ տալով ճգնաժամ։ Քաղաքական գործչի կարծիքով՝ Բայդենը, չնայած Գերագույն դատարանի դիրքորոշման, իրեն վերագրել է նաև օրենսդրական լիազորություններ և երկարաձգել վարձակալների վտարման մորատորիումը: Գրինի խոսքով՝ Բայդենի նախագահության 7 ամիսների ընթացքում Ամերիկան կորցրել է ողջ աշխարհի հարգանքը։

Գրինի նախագիծը հաջողության քիչ շանսեր ունի, քանի որ Կոնգրեսի երկու պալատներն էլ գտնվում են Բայդենի կողմնակիցների՝ դեմոկրատների վերահսկողության տակ։

Ավելի վաղ հանրապետականները կտրուկ քննադատել էին Բայդենին՝ Աֆղաստանի վերաբերյալ ելույթից հետո՝ անվանելով նրա արտահայտություններն «իրականությունից կտրված»։