Ես երբեք հող հանձնելու մասին չեմ խոսել. Վահե Ղալումյան

Ես գտնում եմ՝ այդ հարցի վերաբերյալ հրապարակային քննարկումներ անել հնարավոր չէ։ ԱԺ-ում այս մասին ասաց «ՔՊ» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը՝ անդրադառնալով անկլավներին վերաբերող իր հայտարարությանը։

«Ես չեմ նշել Տավուշի մարզի ադրբեջանական հողերի մասին միայն։ Ես նշել եմ հայկական հողերի մասին, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Վարչապետը խոսել է այն հանձնաժողովի անհրաժեշտության մասին, որը պետք է սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ իրականացնի։ Ես երբեք հող հանձնելու մասին չեմ խոսել։ Չէի կարող խոսել և չեմ կարող խոսել, որովհետև այդ հարցի վերաբերյալ իմ պատկերացումն այդպիսին չէ»,-ասաց պատգամավորը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նկատեց՝ ստացվում է Մ4 միջպետական ճանապարհն անցնում է Ադրբեջանի վերահսկողության ներքո, եթե տարածքներ հանձնվեն։ Պատգամավորը հետաքրքրվեց, թե որ տարածքների մասին է խոսքը և ինչ պայմանագրով պետք է տեղի ունենա հանձնում կամ փոխանակում։

Վահե Ղալումյանը նշեց, որ օրակարգում հանձնելու, փոխանակելու վերաբերյալ հարց գոյություն չունի. «Բարխուդարլուն, Խրեմլուն Տավուշի մարզի վարչատարածքային բաժանման մասին օրենքով նման բնակավայրեր չկան»,-ասաց պատգամավորը։

Վահե Ղալումյանը հավելեց, որ կան երկկողմանի տարածքներ, որոնք Խորհրդային միության քարտեզներով լինելով մերը՝ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ և լինելով Ադրբեջանինը՝ գտնվում են մեր վերահսկողության տակ։