Մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցութային հանձնաժողովի անդամների ընտրությունը․ ԿԳՄՍՆ

«Տարվա լավագույնները» մրցութային հանձնաժողով ձևավորելու  նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը  հայտարարում  է  ուսուցչական կազմակերպությունների  ընտրության  մրցույթ:

ՀՀ հանրակրթական դպրոցների և նախադպրոցական հաստատությունների բարձր արդյունքներ արձանագրած մանկավարժների խրախուսման համար նախատեսված «Տարվա լավագույնները» մրցույթն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 7-ի 37-Ն հրամանով հաստատված կարգով:

Մրցույթի կազմակերպման և անցկացման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով կազմավորվում է մրցութային հանձնաժողով` բաղկացած ինը հոգուց: Մրցութային հանձնաժողովում ուսուցչական  կազմակերպություններից ընդգրկվում է երկու ներկայացուցիչ, երեքը՝ նախարարությունից, երկուական՝ մանկավարժական բուհերից և ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդից։

Փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել [email protected]  էլեկտրոնային  հասցեին` մինչև  2021 թվականի օգոստոսի 13-ը  ներառյալ: Մրցութային  հանձնաժողովում  ընդգրկվելու  համար անհրաժեշտ  է  ներկայացնել  դիմում  կազմակերպության ղեկավարի  անունից,  կազմակերպության կանոնադրության  և  գրանցման  վկայականի  պատճենները, ինչպես նաև ձևաչափի լրացված  տարբերակը:

«Տարվա լավագույնները» մրցույթը կազմակերպվում և անցկացվում է տարեկան առնվազն մեկ անգամ`  հետևյալ երեք փուլերով՝

1) ծրագրային առաջարկների ընդունում,

2) ծրագրային առաջարկների գնահատում և մրցույթի արդյունքների ամփոփում,

3) մրցույթի արդյունքներով ընտրված ծրագրային առաջարկների պարգևատրում։

Մրցույթին կարող են մասնակցել ուսուցիչները և դաստիարակները, տնօրենները,  ուսումնաօժանդակ կազմի աշխատակիցները։ Մրցութային հանձնաժողովի ձևավորումից հետո ԿԳՄՍ նախարարությունը կհայտնի մրցութային հայտերի ընդունման մասին: