Անվտանգություն․ հայ-ադրբեջանական բախումներ, ռազմագերիների հարց, նոր նախարարի նշանակում. «Հենակետ»-ն ամփոփում է շաբաթը

«Հենակետ» վերլուծական կենտրոնը համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում մամուլում և սոցիալական ցանցերում անվտանգային հարցերով շրջանառվող լուրերի մասին: 

Հայ-ադրբեջանական սահմանների շուրջ ծավալվող զարգացումների մասին

Ինչպես նախորդ շաբաթ, այնպես էլ ընթացիկ շաբաթ, հայաստանյան մեդիատիրույթում և սոցիալական ցանցերում գլխավոր քննարկման թեման Արարատի (Երասխ), Գեղարքունիքի, Սյունիքի շփման գծի տարբեր հատվածներում հայ-ադրբեջանական բախումների վերաբերյալ hրապարակումներն են։ Հիշեցնենք՝ իրավիճակը լարված է օրեր շարունակ և ՊՆ-ը պարբերաբար հաղորդում է հրադադարի խախտումների մասին։

Շաբաթվա սկզբնամասում, մասնավորապես ՀՀ ՊՆ տեղեկացմամբ` ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հուլիսի 31-ին` ժամը 18:10-ից մինչև 18:50-ը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Մասնավորապես, ըստ ՊՆ-ի, թիրախային կրակ է արձակվել թիկունքային ապահովման (սնունդ տեղափոխող) մեքենայի վրա` լրջորեն վնասելով այն:

Ադրբեջանական զինված ուժերը օգոստոսի 2-ին, ժամը 11։20-ից 12։00, նորից խախտել են հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի, իսկ ժամը 14։30-ից՝ Կութ գյուղի հատվածում՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների հակազդող գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է։

Օգոստոսի 3-ին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը ՀՀ ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Գեղարքունիքի մարզ(Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ)։

Պարզաբանելով բոլոր կողմերի` միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունը, դեսպան Զոհուրին նշել է, որ Հարավային Կովկասում տևական խաղաղության ապահովումը բխում է տարածաշրջանի ժողովուրդների շահերից և հայտնել ԻԻՀ պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման հարցում:

Սոցիալական ցանցերից տեղեկանում ենք, որ օգոստոսի 3-ին Ոսկեպար են ժամանել ռուս զինվորականներ՝ ՀՀ ՊՆ ներկայացուցիչների և այլ պաշտոնատարների ուղեկցությամբ։ Նախատեսվում է Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ ավտոճանապարհի եզրին տեղադրել ռուս խաղաղապահների ուղեկալ, որը կտեղակայվի հավաքովի, մոբիլ կառույցներում։

Լրատվական կայքերից մեկը փորձել է հարցում կատարել Ոսկեպարի վարչական ղեկավարին, սակայն վերջինս խնդրել է նմանատիպ հարցերով դիմել ՊՆ: «Ինձ ոչ մի կերպ չի կարելի նման ինֆորմացիա տրամադրել որևէ մեկին: Կներեք, չեմ կարող»,- ասել է Ոսկեպարի վարչական ղելավար Սերոբ Մախսուդյանը:

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Հանրային հեռուստաընկերության» եթերում հայտարարել է, որ Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս կամ միջազգային դիտորդներ տեղակայելու առաջարկի շուրջ գործնական աշխատանք է տարվում։

Ըստ Կոպրիկինի՝ Սյունիքի մարզում մասնակիորեն իրագործվել է այդ գաղափարը, որտեղ հայ-ադրբեջանական սահմանի խնդրահարույց հատվածներում ռուս սահմանապահների հենակետեր են տեղակայված։ Նաև ՌԴ-ից լրացուցիչ միջոցներ են ներգրավվել, այդ թվում՝ անձնակազմ, որպեսզի սահմանապահներին տեղակայեն այդպիսի խնդրահարույց վայրերում, մասնավորապես այն վայրերում, որտեղ ճանապարհը երկու տարածքով է անցնում։

ՌԴ դեսպանը անդրադառնալով մյուս խնդրահարույց տարածքներին, նշել է, որ այդ խնդիրները քննարկվում են ռուսական կողմի ակտիվ մասնակցությամբ։

ՀՀ ՄԻՊ–ը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ ՀՀ բնակչության պաշտպանության, իրավունքների երաշխավորման համար Սյունիքի և Գեղարքունիքի շուրջ անհրաժեշտ է ստեղծել անվտանգության գոտի:

Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է, թե վերջին օրերին ինչ ահազանգեր է ստացել ադրբեջանական զինծառայողների` Սյունիքի հատվածից անասուններ գողանալու վերաբերյալ։

«Ադրբեջանական զինծառայողները գողացել են ՀՀ Սյունիքի մարզի Կապանի Ճակատեն և Դավիթ Բեկ գյուղերի 3 ընտանիքի պատկանող 8 կով և 1 ցուլ»,–գրել է նա:

Օգոստոսի 4-ին, ժամը 11։00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել է հակառակորդի ԱԹՍ-ի՝ ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձ։ ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում փորձը կասեցվել է։

Ռուսաստանի ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովը ճեպազրույցի ժամանակ իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հաճախակի դարձած զինված միջադեպերով և կողմերին կոչ է անում խուսափել իրադրության լարումից։

Նա հավելել է, որ ՌԴ–ն պատրաստ է հետագայում ևս ակտիվ ներդրում ունենալ հակամարտության կարգավորման գործընթացում:

Բիկանտովը նաև նշել է, որ Ռուսաստանը չի կարող սահմանապահներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին` կողմերի միջև միջազգային իրավական ակտերի և վստահության բացակայության պատճառով: Նրա խոսքով՝ սահմանին կայուն խաղաղության կարելի է հասնել միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիայի աշխատանքների գործարկման և հետագա սահմանազատման միջոցով:

Օգոստոսի 5-ին սոցիալական ցանցերում և լրատվական միջոցներում տարածվեցին լուսանկարներ, թե ինչպես են ռուսական զորքերը տեղակայվել Տավուշի Ոսկեպար գյուղում, իսկ ռուսական դրոշը ծածանվում է Ոսկեպարի գետի ափին գտնվող, չբնակեցված հայկական տներից մեկի վրա:

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ տվյալ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում, նշված տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ, իսկ շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։

Օգոստոսի 6-ին, ժամը 12:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նաև հրդեհվել է միջդիրքային հատվածի խոտածածկույթը։

Հրդեհների պատճառով Երասխ և հարակից գյուղերի բնակիչները չեն կարողացել բնականոն գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել:

Համացանցային ադրբեջանական տիրույթում տարածում էին տեսանյութեր, որտեղ երևում էր, թե ինչպես են ադրբեջանական ԶՈւ-երի զինծառայողները այրում հայ- ադրբեջանական սահմանային հատվածին մոտ գտնվող խոտածածկ տարածքները։ Այնուհետև մեր ՊՆ-ն ևս տեսանյութեր հրապարակեց, ցույց տալով ադրբեջանական զինվորների սադրանքները։ 

Ռազմագերիների, անհետ կորած, զոհված զինծառայողների հետ կապված հարցերի մասին

Բաքվի ռազմական դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել գերեվարված Լյուդվիգ Մկրտչյանին և Ալյոշա Խոսրովյանին․ մեղադրող կողմը պնդում է, թե նրանք ղարաբաղյան առաջին պատերազմում կտտանքների են ենթարկել ադրբեջանցիներին, ինչպես նաև այլ հանցագործություններ կատարել ադրբեջանական բանակի դեմ։

Ըստ դատավճռի, 51-ամյա Մկրտչյանն ու 54-ամյա Խոսրովյանը պատժի առաջին տասը տարին պետք է անցկացնեն բանտում, հաջորդ տասը՝ ուղղիչ աշխատանքային գաղութում։

Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք փորձագետներ պնդում են, թե գործը շինծու է, դատավարությունն էլ ընթացել է բազմաթիվ խախտումներով։ 

ՊՆ անցուդարձի մասին

Օգոստոսի 3-ին Նիկոլ Փաշինյանը ՊՆ աշխատակազմին և ԶՈՒ բարձրագույն սպայակազմին է ներկայացրել Պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանին:

Վարչապետը լավ առիթ է համարել սպայակազմի հետ հանդիպումը և տեղի ունեցող պրոցեսների վերաբերյալ ԶՈՒ հրամկազմի հետ կիսվել է տեսակետներով և տեղեկատվությամբ։

Շաբաթվա ընթացքում ՊՆ զորամիավորումների տարբեր զորամասերում, ստորաբաժանումներում անցկացվել են կրակային, մարտավարական, մասնագիտական գործնական պարապմունքներ, վարժանքներ, տեղի են ունեցել հավաք խորհրդակցություններ և այլն։