Ադրբեջանը մինչև օրս չի ստորագրել խաղաղապահների մանդատը․ Փաշինյան

«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայունանում: Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ հռետորաբանության ու գործողությունների գործադրումը, միևնույն ժամանակ անպատասխան թողնելով իրադրության քաղաքական և երկարաժամկետ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության բոլոր առաջարկները»,-այսօր կառավարության նիստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ Ադրբեջանն իր բոլոր գործողություններով փորձում է խափանել երկխոսության որևէ հնարավորություն՝ հռետորաբանությամբ և գործողություններով վարկաբեկելով նաև նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները։ «Ադրբեջանում շարունակվում են հայ ռազմագերիների, պատանդների ու այլ պահվող անձանց շինծու դատավարությունները, որի հետևանքով նրանք  դատապարտվում են երկար տարիների ազատազրկման։

Հատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ վերջին շրջանում գրեթե բոլոր դատապարտվածները գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո՝ խաղաղապահների պատասխանատվության գոտիներում։ Եթե այս փաստը համադրում ենք այն լայնածավալ հակաքարոզչության հետ, որ Ադրբեջանում վարվում է ընդդեմ խաղաղապահների և այն փաստի հետ, որ Ադրբեջանը մինչև օրս չի ստորագրել խաղաղապահների մանդատը, ակնհայտ է դառնում, որ սա խաղաղապահների, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղում կայունության ու խաղաղության դեմ իրականացվող գործողությունների շարք է»,-նշեց Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը փորձում է խափանել տարածաշրջանային կոմունիկացիաների թեման։

«Հայաստանը չի քննարկել, չի քննարկում ու չի քննարկելու միջանցքային տրամաբանության որևէ հարց»,-ասաց Փաշինյանը։

«Տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները պետք է բացվեն, և ինչպես Հայաստանը Ադրբեջանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա դեպի ՌԴ, Կենտրոնական Ասիա ու Իրան, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա այդ թվում դեպի Նախիջևան, Վրաստան, Իրան։ Այս ծրագիրն իրականացնելու համար սահմանի համապատասխան կետերում պիտի ստեղծվեն մաքսային կետեր, որոնց հատումը երկու կողմերից պետք է իրականացվի միջպետական սահմանների անցման միջազգայնորեն, զորօրինակ, ԱՊՀ-ում ընդունված կանոններին համապատասխան՝ մաքսային, սահմանային և այլ տեսակի հսկողություններով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։